211652_close_icon
views-count1569 դիտում article-date 15:46 21-03-2017

Շիրակի մարզում ներկայացվեցին երիտասարդ ձեռներեցների նոր գործարար գաղափարները

Գյումրիում տեղի ունեցավ «Արդյունաբերական աշխատանք երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: ՄԱԱԶԿ-ի (UNIDO) և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համատեղ, Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում կազմակերպված անվճար դասընթացին մասնակցել էր 20 սկսնակ: Նրանցից 13-ը ներկայացրել էին թռչնաբուծության, պանրի, կահույքի, գործվածքի, զուգարանի թղթի արտադրության, մեքենաների դետալների նորոգման, հագուստի նորոգման և կարի արհեստանոցի, ինչպես նաև` սրճարան-գինետան, արագ սննդի կետի, հանրային սննդի ծառայության և միջոցառումների սրահի գործարար գաղափարներ: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանի մարզերում բնակվող 18-35 տարեկան երիտասարդ ձեռներեցներին սեփական բիզնեսի ստեղծման ու ընդլայնման գործում՝ նպաստելով երիտասարդության գործազրկության մակարդակի նվազեցմանը և Հայաստանում կայուն և համապարփակ արդյունաբերական զարգացմանը: Երիտասարդ ձեռնարկատերերի ծրագրում ընտրության հիմնական չափանիշը իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն է, որը պետք է լինի նորարարական, ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Առաջնահերթություն են ստանում հատկապես արտադրության և ՏՏ ոլորտներում ներգրավված սկսնակները: Ծրագիրը ենթադրում է համապարփակ մոտեցում՝ աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրությամբ: Առաջին` «Հաջող սկիզբ» փուլում, երիտասարդ ձեռներեցները մասնակցում են ձեռնարկատիրական անվճար դասընթացին և մշակում գործարար ծրագրերը: Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական աջակցություն ստանալուն` մատչելի վարկերի տեսքով: Ֆինանսական միջոցների տրամադրումն առնվազն 1 տարվա ընթացքում ուղեկցվում է խորհրդատվությամբ: Սկսնակն աջակցություն է ստանում նաև բիզնեսի կայացման և զարգացման համար անհրաժեշտ բազմակողմանի տեխնիկական աջակցության գործիքներով` անհատական աշխատանք և դասընթացներ շուկայավարության, ֆինանսական հոսքերի կառավարման, սննդի անվտանգություն և այլ ոլորտներում: «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:

Նմանատիպ նյութեր