Արտակարգ դեպք Աշտարակում. վիճաբանել ու դանակահարել են Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եղեկեցու հոգևոր հովվին
                        Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում՝ «Ինեկո բանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմաց, անհայտ անձը  վիճաբանել, ապա ձեռքին եղած դանակով սպառնացել է, որ կսպանի ու  դանակով հարվածել է Օշական գյուղի բնակիչ, 36-ամյա Հմայակ Մանուկյանի ճակատին՝ պատճառելով վնասվածք , որից հետո դիմել է փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Հ. Մանուկյանի հետ վիճաբանել ու մարմնական վնասվածքը պատճառել է  Աշտարակ քաղաքի բնակիչ, 46-ամյա Աշոտ Մաթևոսյանը, ով ժամեր անց ոստիկանների կողմից հայտնաբերվել և բերման է  ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է դանակը, որով նա վնասվածք է պատճառել Հ. Մանուկյանին:
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Հ. Մանուկյանը Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվն է: 
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ա. Մաթևոսյանը ստորագրությամբ բաց է  թողնվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

