3151 դիտում
20:54 05-04-2018
Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի «Քոչարյանների ընկերությունը հաղթեց ռուսական «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽԻՆ» հրապարակմանը. ԵՊՀ
03.04.2018 թ.-ի «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Քոչարյանների ընկերությունը հաղթեց ռուսական «Ռոսգոսստրախին» հրապարակման մեջ տեղ են գտել անճշտություններ և փաստական հանգամանքների խեղաթյուրումներ, որոնք էական վնաս են պատճառել Երևանի պետական համալսարանի հեղինակությանը և համբավին: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և հասարակական հնչեղությունը, ինչպես նաև այն, որ ԵՊՀ-ն օրենքի տեսանկյունից դիտվում է որպես հանրային նշանակության կազմակերպություն՝ իր բոլոր հետևանքներով, հարկ ենք համարում բաց տեքստով և հղումներով, ինչպես նաև պահպանելով իրադարձությունների հաջորդականությունը, հասարակությանը ներկայացնել այն, ինչ տեղի է ունեցել.
1. 20.11.2017 թ.-ին «ԵՊՀ» հիմնադրամում, սահմանված կարգով, անցկացվել է «Առողջության ապահովագրության» գնման մրցույթ, որին մասնակցել են «Սիլ Ինշուրանս», «Նաիրի Ինշուրանս» և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունները: Մրցույթի ընթացքում ընկերություններն առաջարկել են համապատասխանաբար 108 մլն, 157 մլն և 140,7 մլն դրամի ներդրման ծրագիր: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, որն առաջարկել է ծրագիրն իրականացնել ամենացածր գնով: Սակայն փաստաթղթերի ներկայացման փուլում պարզվել է, որ հաղթող ընկերության փաստաթղթերը թերի են, և այդ հիմքով ընկերությունը դուրս է մնացել մրցույթից: Քանի որ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից հետո առողջության ապահովագրության ծառայություններն իրականացման ամենամատչելի առաջարկը «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից էր, ապա նախապատվությունը տրվել է հենց այդ ընկերությանը:
2. 20.11.2017 թ.-ին «ԵՊՀ» հիմնադրամում անցկացված «Առողջության ապահովագրության» գնման մրցույթում հաղթող ճանաչված «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը բանկային երաշխիքի տեսքով ներկայացրել էր իր գնային առաջարկի 5 տոկոսի չափից ավելի գումար: Այդ հանգամանքն իրավական հիմք էր հանդիսացել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը մրցույթի արդյունքների բողոքարկման համար:
3. Խնդրի պարզաբանման համար «ԵՊՀ» հիմնադրամը դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարությանը: 29.12.2017 թ.-ի ՀՀ ֆինանսների նախարարությունից նախարարի տեղակալ Կ. Թամազյանի ստորագրությամբ ստացվել է գրություն ըստ որի՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով, իսկ նույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ հայտերի գնահատման իրավասությունը վերապահված է գնահատող հանձնաժողովին: Այսինքն՝ ԵՊՀ-ն իրավասու էր կնքել պայմանագիր, ինչը և պատրաստվում էր անել։
4. Բողոքարկման խորհուրդը 19.01.2018 թ.-ի ԳԲԽ-ԱՄ-2017/51 որոշմամբ բավարարել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բողոքը և փաստորեն, 5 տոկոսը գերազանցող բանկային երաշխիք ներկայացրած կազմակերպության՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության հայտը որակել է որպես հրավերի պահանջներին չհամապատասխանող:
5. Ընդդեմ Բողոքարկման խորհրդի՝ 19.01.2018 թ.-ի ԳԲԽ-ԱՄ-2017/51 որոշման վերացման պահանջով «Ռոսգոսստրախ- Արմենիա» ապահովագրական ընկերությունը 27.02.2018 թ.-ին դիմել է ՀՀ Երևանի քաղաքացիական դատարան (քաղաքացիական գործ ԵԴ/2734/02/18), որի վերաբերյալ դեռևս դատական ակտ չի կայացվել։
6. ՀՀ կառավարության 08.02.2018 թ.-ի թիվ 04/27-1/4337-18 որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 04.05.2017 թ.-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգում, մասնավորապես՝ 70 միլիոնը գերազանցող գնումների դեպքում բանկային երաշխիքի տեսքով տրվող հայտի ապահովումը համարվում է հրավերի պահանջներին բավարարող և ենթակա չէ մերժման, եթե մասնակիցը ներկայացրել է իր գնային առաջարկի 5 տոկոսի չափով գումար:
7. Իրավիճակի լրացուցիչ պարզաբանման համար «ԵՊՀ» հիմնադրամը կրկին դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը: 13.03.2018 թ.-ին ստացվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի թիվ 04/27-1/4337-18 գրությունը, որտեղ ներկայացվել է ՀՀ Կառավարության 04.05.2017թ թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգը, և դրա վերաբերյալ տրված են որոշ պարզաբանումներ: Մասնավորապես, գրության մեջ պարզաբանված է, որ եթե մասնակիցը հայտի ապահովումը ներկայացրել է իր գնային առաջարկի 5 տոկոսից ավելի, ապա հայտը համարվում է հրավերի պահանջներին բավարարող և ենթակա չէ մերժման:
Համադրելով ներկայացրած բոլոր փաստերը՝ վստահաբար հայտարարում ենք, որ «ԵՊՀ» հիմնադրամում անցկացված մրցույթն իրավաչափ է և համապատասխանում է տվյալ իրավական հարթությունում կիրառվող օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին:
«Ժողովուրդ» օրաթերթի 03.04.2018 թ.-ի համարում տեղ են գտել նաև վրիպակներ, որոնք, ամենայն հավանականությամբ, խնդրին վատ տիրապետելու հետևանքներ են: Մասնավորապես, թերթը գրում է, որ ««Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ԵՊՀ գնահատող հանձնաժողովի, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ առողջության ապահովագրական ծառայությունների մատուցման պայմանագիր կնքում են գրեթե բոլոր գերատեսչությունները: Փաստորեն, մայր բուհը ևս համալրել է դրանց շարքերը»: Նման պնդումներն անհեթեթ են, քանի որ այդօրինակ փաստեր չկան: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին խորհուրդ ենք տալիս օգտվել ՀՀ դատական տեղեկատվական համակարգը լուսաբանող datalex.am կայքից, ինչպես նաև ծանոթանալ «ԵՊՀ» հիմնադրամում առկա իրավական փաստաթղթերին, որոնց պատճենները մենք սիրով պատրաստ ենք տրամադրել:
Նմանատիպ նյութեր
2007 դիտում
15:18 30-01-2019
ՀՔԾ-ի արձագանքը՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը
4303 դիտում
14:10 26-06-2018
ԵՊՀ-ն պարզաբանում է «Ժողովուրդ» օրաթերթի «Ո՞վ կլինի նոր ռեկտոր» հրապարակման վերաբերյալ
Այս բաժնից
877 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
628 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար