ՀՀ քաղաքացիների համար Կոլումբիա մուտքի արտոնագիրը վերացվել է
Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Կոլումբիայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի և Կոլումբիայի միջև համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ: Մասնավորապես՝ այն կնպաստի կողմերի դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր կրող քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանմանը:
Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունը ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի 3 երկրների՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկայի հետ:
Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ: