211652_close_icon
views-count8725 դիտում article-date 09:58 31-03-2018

Նոր խստացումներ ԱՄՆ-ի ներգաղթի ոլորոտում. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի վարչակազմը շարունակում է խստացնել ներգաղթի ոլորտին առնչվող քաղաքականությունը: Առաջ քաշված նոր նախաձեռնությունները վերաբերում են անօրինական ներգաղթած հղի կանանց և ամերիկյան վիզաների համար բոլոր դիմորդներին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4324701.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Օրերս նախագահ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ այսուհետ անօրինական փախստական հղի կանայք ազատ չեն արձակվի ներգաղթի վերահսկողության մարմինների կողմից, ինչպես դա տեղի էր ունենում նախկին նախագահ Օբամայի օրոք: Հիշեցնենք, որ 2016 թվականի որոշմամբ վերջիններս չպետք է ենթարկվեին կալանքի, այլ ազատ էին արձակվում նախքան դատական նիստը: ԱՄՆ-ի ներգաղթի հարցերով գերատեսչության աշխատակիցները պարտավորվում են ուսումնասիրել բոլոր գործերը առանձին-առանձին՝ դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու ընթացքում: Ըստ նոր կանոնակարգի, ազատ կարձակվեն միայն հղիության երրորդ ամսում կամ ավելին գտնվող կանայք: ԱՄՆ-ի ներգաղթի հարցերով գերատեսչության ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Միլերը տեղեկացնում է, որ այս որոշումը համապատասխանում է նախագահ Թրամփի՝ ներգաղթի ոլորտում որդեգրած ավելի կոշտ քաղաքականությանը: Այս պահին 35 հղի կանայք գտնվում են կալանքի տակ: Ընդհանուր առմամբ դեկտեմբեր ամսից ձերբակալվել է անօրինական ներգաղթած 506 հղի կին: Սակայն Միլերը դժվարացավ մանրամասնել վերջիններիս հետագա ճակատագրի մասին: Ներգաղթյալ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները քննադատել են որոշումը՝ ընդգծելով, որ հղի կանանց կալանավորումը կարող է հոգեբանորեն ճնշել նրանց և ազդել վերջիններիս առողջական վիճակի վրա: Բացի այդ, կանանց իրավապաշտպանները հիշեցնում են, որ բազմաթիվ անօրինական ներգաղթած կանանց հղիությունն արդյունք է նրանց նկատմամբ բռնության և բռնաբարությունների: Նրանցից շատերը ներգաղթում են ապաստան խնդրելու համար: Միլերը նշել է, սակայն, որ բռնության ենթարկված կանայք ևս ազատ կարձակվեն: Այս նոր որոշմանը դեմ են նաև դեմոկրատները՝ ընդգծելով մայրերին իրենց երեխաներից բաժանելու անթույլատրելիության մասին: Բացի դրանից, ներգաղթի ոլորտում վարչակազմը հանդես է գալիս մեկ այլ նախաձեռնությամբ: ԱՄՆ-ի պետքարտուղարությունն առաջարկում է ուսումնասիրել վիզաների համար դիմող բոլոր դիմորդների սոցցանցերի անձնական էջերը: Միացյալ Նահանգների մուտքի վիզա ստացող բոլոր դիմորդները լրացման թերթիկում պետք է գրանցեն վերջին 5 տարիների ընթացքում օգտագործած բոլոր սոցցանցերի իրենց անունները: Մոտ օրերին պետքարտուղարությունը կներկայացնի նախագիծը համապատասխան կառույցներին՝ որոշումը ընդունելու համար: Բացի սոցցանցերի հաշիվներից, հաստատման դեպքում ամերիկյան վիզայի դիմորդները կպարտավորվեն ներկայացնել վերջին 5 տարիների ընթացքում նրանց բոլոր հեռախոսահամարները, էկելկտրոնային հասցեները և այլ երկրներ այցելելու մասին տեղեկությունը:

Նմանատիպ նյութեր