211652_close_icon
views-count4026 դիտում article-date 11:39 30-03-2018

Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկվածներին կտրամադրվի մոտ 160.000 դրամ աջակցություն. նոր նախագիծ

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց վերականգնման նպատակով Հայաստանում առաջին անգամ կտրամադրվի միանվագ ֆինանսական աջակցություն: Այն կարող է տրվել ընտանիքի՝ բռնության ենթարկված ցանկացած անդամի: «[url=https://armenpress.am/arm/news/928184.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում «Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցության հաշվեհամարի տնօրինման և ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց, երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, Կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը: «Օրենքի նախագծով ընտանիքում բռնության ենթարկված անձանց ժամանակավոր աջակցություն տրամադրելու համար բացվում է հաշվեհամար: Դրանից որոշակի դեպքերում ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվելու է աջակցություն: Նախկինում նման օրենք, ոլորտում որևէ կարգավորում, այդ թվում նաև ֆինանսական աջակցություն չի եղել: Այն կանխարգելման միջոց չէ, պարզապես աջակցություն է: Կա բռնություն, և մենք աջակցում ենք, որպեսզի մարդը կարողանա վերականգնվել այդ վիճակից»,-ասաց Թանաշյանը: Գումարը պետք է ծախսվի կենսապահովման նվազագույն կարիքները հոգալու, տվյալ բռնության արդյունքում առաջացած առողջական խնդիրները վերականգնելու, ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարը փոխհատուցելու համար: Գումարը նաև կարող է ծախսվել աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար: «Լինում են հատուկ դասընթացներ, որպեսզի այդ մարդիկ ինտեգրվեն հասարակությանը և ունենան սեփական վաստակը» ,-նշեց Թանաշյանն ու հավելեց՝ կտրամադրվի նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն՝ 155 000-160 000 դրամ աջակցություն: Այն տրվելու է միանվագ: Ողջ գումարը ձևավորվում է պետական բյուջեից, ինչպես նաև դոնոր կազմակերպությունների ներդրումներից, անհատ ձեռներեցներից: Թանաշյանի խոսքով՝ կարգի շրջանակում չի որոշվելու, թե ովքեր են ենթարկվել ընտանեկան բռնության: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/928184.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր