211652_close_icon
views-count2323 դիտում article-date 18:31 20-03-2018

Արա Բաբլոյանն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 20-ին ընդունել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունի գլխավորած պատվիրակությանը եւ Հայաստանում Կորեայի նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն Գինին: Արա Բաբլոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ երկու ժողովուրդների հարաբերությունների խորացման: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Ու Յուն Գինի առաքելության տարիներին Հայաստան-Կորեա բարեկամական, տնտեսական, մշակութային կապերն առավել կսերտանան: Ողջունելով Կորեայի խորհրդարանի Կորեա-Հայաստան բարեկամական խմբի անդամների այցը մեր երկիր՝ Արա Բաբլոյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված քայլերը եւ վերջին տարիներին կատարված փոխայցերը: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կորեայի կողմից ՀՀ Ազգային ժողովին ցուցաբերված օգնությունը, ինչպես նաեւ սիրիահայ փախստականներին աջակցելու պատրաստակամությունը: Արա Բաբլոյանը, անդրադառնալով Հայաստանի եւ Կորեայի համար օրակարգային նշանակություն ունեցող հարցերին, նշել է, որ ուշիուշով հետեւում է Կորեական թերակղզում տեղի ունեցող իրադարձությունններին, աշխարհաքաղաքական զարգացումներին եւ տեղյակ է, որ Կորեայի Հանրապետությունը ջանք չի խնայում տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կորեային՝ ԼՂ հիմնահարցի շուրջ ունեցած հավասարակշռված մոտեցման համար՝ փաստելով, որ Հայաստանի համար խաղաղությունն այլընտրանք չունի: Խոսելով նախորդ տարի Սեուլում կայացած Եվրասիայի խորհրդարանների նախագահների երկրորդ խորհրդակացության մասին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Եվրոպայի եւ Ասիայի երկրների միջեւ երկխոսություն սկսելու եւ շարունակելու փաստը. այդպիսի հանդիպումները թույլ են տալիս տարբեր երկրների ներկայացուցիչներին միմյանց ընկալելու, հասկանալու եւ համագործակցելու՝ ի շահ իրենց ժողովուրդների: Դեսպան Ու Յուն Գինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ներկայացրել իր նկատառումները՝ համագործակցության առաջիկա ծրագրերի հետ կապված: Նորանշանակ դեսպանը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու հայ-կորեական բարեկամության եւ միջպետական հարաբերությունների խորացմանը: Ու Յուն Գինը նշել է, որ մայիսին Երեւանում անցկացվելու են Կորեայի մշակույթի օրեր. նա հրավիրել է Արա Բաբլոյանին մասնակցելու մշակութային միջոցառումներին: Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Յուն Հո Չժունը, շնորհակալություն հայտնելով պատվիրակությանն ընդունելու համար, նշել է, որ Կորեայի խորհրդարանը կարեւորում է համագործակցությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ: Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ հայ-կորեական հարաբերությունները բավականին զարգացել են վերջին տարիներին եւ ակնհայտ է, որ երկու ժողովուրդներին միավորում է խաղաղությունն իրենց երկրում եւ տարածաշրջանում պահպանելու ձգտումը: Յուն Հո Չժունը շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին Կորեայի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի համար եւ հույս հայտնել, որ Կորեայի եւ Հայաստանի համար կարեւորագույն խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր