211652_close_icon
views-count2556 դիտում article-date 20:15 19-03-2018

ՀՀ դատախազության վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքները 2017 թվականին

Դատախազության համակարգում ծառայողական, ներքին կարգապահական և էթիկական նորմերի պահպանման, հետաքննության և նախաքննության շրջանակներում համապատասխան մարմինների ծառայողների գործառույթների իրականացման օրինականության նկատմամբ հսկողության, ինչպես նաև դատախազության համակարգում կադրային հոսքերի թափանցիկությունը համարելով հանրային հաշվետվողականության կարևորագույն բաղադրիչ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակում է 2017թ. ընթացքում ներքին վերահսկողության կառուցակարգերի կիրառման արդյունքները: 1. 2017թ. ընթացքում ՀՀ դատախազության համակարգից իրենց անձնական դիմումների համաձայն ազատվել է 37 դատախազ, որոնցից 20-ը՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Նույն ժամանակահատվածում դատախազի պաշտոնում նշանակվել է 42 անձ, որոնցից 22-ը ՀՀ արդարադատության ակադեմիայի շրջանավարտներ են, 19-ը՝ նախկին քննիչներ, իսկ 1-ը՝ 5 տարվա իրավաբանի ստաժով գիտությունների թեկնածու է: 2. 2017թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է 58 ծառայողական ուսումնասիրություն՝ 64 դատախազի նկատմամբ: 16 դատախազի նկատմամբ hարուցվել է 16 կարգապահական վարույթ: Տույժի է ենթարկվել 13 դատախազ, որոնցից 6-ի նկատմամբ նշանակվել է «դիտողություն», իսկ 7-ի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Ըստ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի իրավակարգավորումների՝ - ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 4 դատախազի նկատմամբ նշանակվել է «դիտողություն» տեսակի, իսկ 2 դատախազի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, - իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու համար 2 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, - «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտումներ թույլ տալու հիմքով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է «դիտողություն» տեսակի, իսկ 1 դատախազի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, - օրենքով սահմանված՝ դատախազի պարտականությունները չկատարելու, այն է՝ պատշաճ կերպով մասնագիտական որակավորումը և գործնական հմտությունները չապահովելու համար 2 դատախազի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ: Համեմատության համար նշենք, որ 2014թ. իրականացվել է 22 ծառայողական ուսումնասիրություն՝ 32 դատախազի նկատմամբ, որոնցից տույժի է ենթարվել 4-ը. 2015թ.` 30 դատախազի նկատմամբ կատարված 17 ծառայողական ուսումնասիրության արդյունքում տույժի է ենթարկվել 1 դատախազ: Իսկ 2016թ.-ին կատարված՝ 16 դատախազի նկատմամբ 14 ծառայողական ուսումնասիրության արդյունքում տույժի է ենթարկվել 1 դատախազ: 3. Համապատասխան մարմինների ղեկավար անձնակազմի ուշադրությունը առանձին գործերով նախաքննության և հետաքննության, օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում արձանագրված էական խնդիրների, բացթողումների, սխալների վրա հրավիրելու, դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով 2017թ. ընթացքում հետաքննության և նախաքննության մարմինների աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություններ անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել է ընդհանուր առմամբ 223 միջնորդություն, որոնցից 127-ը նախաքննության մարմնի, 96-ը՝ հետաքննության մարմնի աշխատակցի վերաբերյալ: 91 անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, որոնցից 18-ը նախաքննության, 73-ը՝ հետաքննության մարմնի աշխատակից: Նախաքննության մարմնի 1 և հետաքննության մարմնի 6 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 30 անձի վերաբերյալ հարցը քննարկվել է օպերատիվ խորհրդակցություններում (12-ը նախաքննության, 18-ը՝ հետաքննության մարմնի աշխատակից)` հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պատասխանատուների ուշադրությունը հրավիրելու նպատակով: 65 անձի վերաբերյալ վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել, որոնցից 54-ը նախաքննության, 11-ը՝ հետաքննության մարմնի աշխատակցի վերաբերյալ: Նախաքննության 22 և հետաքննության մարմնի 11 աշխատակցի վերաբերյալ ծառայողական ուսումնասիրությունը գտնվում է ընթացքում: ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից 2017 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կատարվել է 77 ստուգում և ուսումնասիրություն: Արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ պատկան մարմիններին ուղարկված 7 հաղորդման և ներկայացված 32 միջնորդագրի հիման վրա անցկացվել է 11 ծառայողական քննություն, որոնց արդյունքում ՔԿՀ 11 աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի: Իր լիազորութությունների շրջանակներում իրականացված ստուգումների արդյունքում ՀՀ դատախազությունը քայլեր է ձեռնարկել նաև, ըստ ծագած օբյեկտիվ անհրաժեշտության, ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ քրեական հետապնդման մարմինների ծառայողների առանձին գործողությունները քրեաիրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ: Մասնավորապես՝ 1. 2017թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ՝ մեկ դատախազի գործողություններում, իր ծառայողական գործունեությամբ պայմանավորված, առերևույթ հանցագործության մասին տվյալները դարձել են քննության առարկա ՀՀ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում: 2. Քրեական գործերով դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության իրենց գործառույթների իրականացման ընթացքում դատախազների կողմից 2017թ. ձեռք են բերվել քննիչների կողմից՝ իրենց ծառայողական գործունեության հետ կապված առերևույթ հանցագործության մասին տվյալներ, որոնցով քննված 5 քրեական գործ՝ 5 քննիչների վերաբերյալ, ուղարկվել է դատարան: 3. Նույն գործառույթների իրականացման շրջանակներում դատախազների կողմից հայտնաբերված՝ հետաքննության մարմինների պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական գործունեության հետ կապված առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ 2017թ. ընթացքում քննվել է 5 քրեական գործ, որոնցից մեկը՝ երեք անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Նմանատիպ նյութեր