211652_close_icon
views-count2727 դիտում article-date 22:15 16-03-2018

Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության պատճառով հայության կրած նյութական վնասները. «լքյալ գույք» և հայրենազրկում» թեմայով գիտաժողովը

Մարտի 16-ին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության պատճառով հայության կրած նյութական վնասները. «լքյալ գույք» և հայրենազրկում» թեմայով գիտաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման վերաբերյալ հազարավոր քննարկումներ են եղել, բայց հազվադեպ են անդրադարձել հայ ժողովրդի կրած նյութական վնասներին, կորցրած գույքին: Կատարելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի պահանջները՝ գումարել ենք այս կլոր սեղան-քննարկումը, որը վերաբերում է ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման հարցերին: Ցեղասպանության հետևանքով հայկական ունեցվածքի կորուստներն ամրագրված են 1919-1920թթ. Փարիզի խաղաղության վեհաժողովին ներկայացված փաստաթղթում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գիտնականներին, փորձագետներին, հետազոտողներին և հորդորել, որ շարունակեն իրենց ուսումնասիրությունները, որպեսզի արդյունքում ամբողջական շտեմարան ստեղծվի»: «Հատուցման հիմնախնդրի պատմաիրավական ձևակերպման կարևորությունը» թեմայով զեկուցում ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա իր գոհունակությունը հայտնեց, որ պետական կառույցը՝ Սփյուռքի նախարարությունը, նախաձեռնել է թեմայի քննարկումը: Պատմաբանի կարծիքով՝ պետական մակարդակով խնդրի հետազոտումը կօգնի փոխել հայի բարդույթավորված տեսակը: ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադարձավ «Ցեղասպանության հատուցման խնդիրները՝ համահայկական օրակարգի նյութ» թեմային: Նա անդրադարձավ Սևրի պայմանագրին և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, նշեց, որ հայկական հարցը ենթակա է լուծման միջազգային իրավունքի շրջանակներում: ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության նյութական վնասների հատուցման իրավական հեռանկարները: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը զեկուցում ներկայացրեց «Հայոց ցեղասպանության նյութական հետևանքների հաղթահարման կառուցակարգերի և գործիքակազմի հստակեցման հարցի շուրջ» թեմայով: Իրավաբանական գիտությունների թեկնածու, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր Տարոն Սիմոնյանն անդրադարձավ Հայոց Ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պատասխանատվության ենթարկելու հնարավոր կառուցակարգերին, նշեց նպատակին հասնելու կոնկրետ ուղիները: Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական աշխատանքների բաժնի գլխավոր արխիվագետ Անահիտ Քոչարյանը ներկայացրեց «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստները որոշող քննիչ բյուրոյի գործունեություն»-ը: Նա պատմական անդրադարձ կատարեց կառույցի աշխատանքի տարբեր ժամանակաշրջաններին: Թուրքագետ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Մելինե Անումյանը ներկայացրեց զեկուցում «Լքյալ գույքի հարցի արծարծումը` ըստ երիտթուրքերի դատավարությունների փաստաթղթերի (1919-1921 թթ.)» թեմայով, անդրադարձավ այդ փաստաթղթերի հիման վրա արված հետազոտությունների արդյունքներին: «Հայոց ցեղասպանության պատճառով հայության կրած նյութական վնասները. «լքյալ գույք» և հայրենազրկում» խորագրով գիտաժողովի երկրորդ նիստը մեկնարկեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի համահիմնադիր Լևոն Գևորգյանի «Հայոց Ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետության պատասխանատվության հիմնախնդիրներ․իրավահաջորդություն և վերագրելիություն» զեկուցմամբ: ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության մշակութային ժառանգության կորուստի հիմնախնդիրին, նշեց նաև, որ մշակութային ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս, մասնավորապես Ադրբեջանի տարածքում: ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը, հանդես գալով «Հայոց "լքյալ գույքի" թեման ներթուրքական դիսկուրսում» զեկուցմամբ, մանրամասն ներկայացրեց վերջին տարիներին Թուրքիայում Հայոց ցեղասպանության, հայրենազրկման, լքյալ գույքի թեմայով զարգացումները, գիտական շրջանակներում տարվող հակահայկական հետազոտությունները, նաև այն թուրք պատմաբանների աշխատությունները, որոնցում Հայոց ցեղասպանության թեման չի կեղծվում: Այնուհետև զեկուցումներով հանդես եկան Մատենադարանի Արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանը («Հայերի ունեզրկումը Մեծ Եղեռնի տարիներին»), Երևան քաղաքի պատմության թանգարանի գիտաշխատող Անի Ոսկանյանը («Հայերի հողազրկման քաղաքականությունը Օսմանյան կայսրությունում /19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ/»), ՌՊՀՀ-ի (РБГУ) Հոլոքոսթի և ցեղասպանության պատմության միջազգային գիտակրթական կենտրոնի վերլուծաբան Արմինե Անտոնյանը («Անտոն Փափազյանի գույքի բռնագրավման մասին տեղեկությունները Ռուսաստանի պետական պատմական արխիվի փաստաթղթերում»): Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ մտքերի փոխանակում, հնչեցին առաջարկություններ: Ամփոփելով գիտաժողովը՝ Սփյուռքի նախարարն այն համարեց բավականին հետաքրքրական և շնորհակալություն հայտնեց զեկուցողներին առարկայական, կառուցողական ելույթների համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր