211652_close_icon
views-count4187 դիտում article-date 19:17 16-03-2018

Ընտանիքի մայր, խնամակալ, լավ տատիկ. տարեց կանանց վերաբերյալ հետազոտություն ԵՊՀ-ում

Այսօր՝ մարտի 16-ին, ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում ներկայացվեց «Տարեց կանանց սոցիալական կարգավիճակը Հայաստանում. ծերացման ֆեմինիզացիայի համատեքստում» հետազոտության արդյունքները: Բանախոսը ներկայացրեց 2016-2017 թթ.-ին կենտրոնի աջակցությամբ իրականացված հետազոտությունը՝ ուղղված տարեց կանանց սոցիալական հիմնախնդիրների ուսումնասիրությանը: Մագիստրոսական թեզի համար արված ուսումնասիրության նպատակն է բացահայտել հայ հասարակությունում տարեց կանանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց սոցիալ-տնտեսական ակտիվության դրսևորման առանձնահատկությունները տարբեր միջավայրերում, ինչպես նաև վերլուծել վերջիններիս հասարակական դերային ակտիվությանը խոչընդոտող և խթանող գործոնները (ամուսնական կարգավիճակ, կրթություն, աշխատանքի առկայություն, բնակավայր): «Այսօր Հայաստանում միայն կենսաթոշակով հնարավոր չէ ապրել և բավարարել անգամ առաջնային կարիքները, ուստի՝ տարեցների շրջանում աղքատության հավանականությունն ավելի է մեծանում: Հանապազօրյա հացի խնդիր ունեցող մարդը չի կարող ունենալ հաջող ծերություն կամ էլ համեմատվել զարգացած երկրների տարեցների հետ»,- նշում է Ս. Մարտիրոսյանը: Հետազոտողը հավելում է նաև, որ մեր իրականության մեջ տարեց կինը հասարակական կյանքում ինքնադրսևորվելու հնարավորություն գրեթե չունի. «Վաթսունից հետո շատ հաճախ ստերեոտիպների պատճառով տարեց կինը ստիպված է իրեն պահել այնպես, ինչպես շրջապատի մարդիկ են ակնկալում իրեն տեսնել՝ լավ տատիկ, ընտանիքի մայր կամ խնամակալ: Բայց մեր հասարակությունում չի ընդունվի այն տարեց կինը, ով վաթսուն տարեկանում որոշում է, օրինակ, բլոգեր դառնալ: Այս կարծրատիպը դեռևս գործում է միայն Հայաստանից դուրս»: Հետազոտությունն իրականացվել է որակական հետազոտական մեթոդների միջոցով՝ անցկացնելով փորձագիտական հարցազրույցներ և փաստաթղթերի բովանդակային վերլուծություն: Հավելենք, որ առաջին մասնագիտությամբ լրագրող Ստելլա Մարտիրոսյանը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներից է: [b]Երևանի պետական համալսարան[/b]

Նմանատիպ նյութեր