Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Մայիսի 28-ի տոնակատարությունների ժամանակ
«Երևանի քաղաքապետարանը Արամի փողոցում կտեղադրի Արամ Մանուկյանի արձանը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
2017 թվականի հունիսի 19-ին քաղաքապետի կողմից բաց մրցույթ է հայտարարվել, որի համաձայն հուշարձանը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործիչ Արամ Մանուկյանի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը:
Մրցութային հանձնաժողովի սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաղթող է ճանաչվել Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած գործը:
Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:
Արձանը կտեղադրվի Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի տոնակատարության շրջանակում: