211652_close_icon
views-count7050 դիտում article-date 11:13 06-03-2018

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնական փաստաթղթեր կեղծող ու իրացնող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներից կազմված խմբի

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականների ընթացքում հիշյալ խմբի անդամներն իրացնելու նպատակով շուրջ 40 օտարերկրացու անվամբ գունավոր տպիչ սարքերով պատրաստել և համապատասխան գումարի դիմաց նրանց իրացրել են այլ պետությունում զինվորական ծառայությունն անցած լինելու փաստը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա այդ քաղաքացիները հետագայում հաշվառման են վերցվել ՀՀ զինկոմիսարիատներում, ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր, միաժամանակ զինծառայությունն անցած լինելու հիմքով ՀՀ-ում ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։ Բացի այդ, նույն եղանակով կեղծվել և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների մի շարք քաղաքացիներին իրացվել են ՀՀ վարորդական վկայականներ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող՝ ծննդյան, ամուսնության, կրթության, բնակության վայրի և ավտոմեքենայի հաշվառման, ինչպես նաև այլ նմուշների կեղծ փաստաթղթեր, որոնք այնուհետև օգտագործվել են ՀՀ ու օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ներկայացնելու համար։ Քրեական գործով կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել են պաշտոնական փաստաթղթերի կեղծման նպատակով օգտագործված սարքերը, դրոշմները, կնիքները և ձևաթղթերը, ինչպես նաև տարբեր ազգությունների շուրջ 140 անձանց վերաբերյալ ՀՀ և օտարերկրյա պետությունների պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և առանձին կազմակերպությունների անունից կազմված վկայականների ու պաշտոնական այլ փաստաթղթերի նմուշներ։ Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 1-ին և 2-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող 1 անձի։ Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 7-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օտարերկրյա պետությունների փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվելու և գործի համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր