211652_close_icon
views-count2556 դիտում article-date 13:03 05-03-2018

Հայ ճանապարհաշինարարներն այսուհետ ասոցիացիա կունենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում տեղի ունեցավ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը, ոլորտում հաջողության հասած ճանապարհաշինական մեծ ու փոքր մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։ Ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանը պաշտոնապես ազդարարեց ասոցիացիայի աշխատանքների մեկնարկը` կարևորելով ոլորտի կանոնակարգման մեջ նմանատիպ կազմակերպության դերը։ Նրա խոսքով` ասոցիացիա ստեղծելու գաղափարը վաղուց էր առաջացել, բայց միայն այսօր դա իրականություն դարձավ։ «Մեր նպատակն է միավորել ճանապարհաշինարարներին և այս ոլորտում գործող պրոֆեսիոնալ մասնագետներին՝ համատեղ ծրագրեր իրագործելու համար»,- ասաց Էդուարդ Բեզոյանը։ Նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը նախարար Վահան Մարտիրոսյանի անունից շնորհավորեց բոլոր ճանապարհաշինարարներին կարևոր ձեռքբերման համար` հույս հայտնելով, որ այս կառույցը լավագույնս կներկայացնի ճանապարհաշինական ընկերությունների շահերն ու հետաքրքրությունները։ «Ճանապարհաշինությունը մեր երկրի տնտեսության չափազանց կարևոր և առանցքային բնագավառներից է, ճանապարհները՝ յուրաքանչյուր երկրի արյունատար անոթները: Վստահ եմ, որ այն գործնական նոր կապեր ստեղծելու, դրանք ամրապնդելու և հաստատելու, միջազգային առաջադեմ փորձը կիրառելու լայն հնարավորություններ կտա։ Ակնկալում ենք կազմակերպության ակտիվ մասնակցությունը և աջակցությունը ճանապարհաշինության ոլորտում իրականացվող լայնամասշտաբ, մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող շինարարական ծրագրերին»,- ասաց Գագիկ Գրիգորյանը: Ասոցիացիայի հիմնադրումը ողջունեց նաև «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Վարդան Կարապետյանը։ Նա նշեց, որ չափազանց կարևոր է ոլորտում դրսի նորարարական փորձի ներդրումը և մասնագետների շփումներն ու փորձի փոխանակումը։ «Ճանապարհաշինության դերակատարումը թերագնահատել, իհարկե, դժվար է: Դա արտահայտվում է նաև մեր կառավարության հաստատած ու շարունակաբար իրականացվող ծրագրերում: Այս իմաստով դուք բոլորդ շահեկան դիրքերում եք և շուկան գնալով մեծանում է: Շուկայում որոշակի կարգավորումների բարելավման, նորամուծությունների կիրառման իմաստով ես շատ կարևորում եմ ասոցիացիայի հիմնումը և բարեհաջող աշխատանքի իրականացումը»,- ընդգծեց Վարդան Կարապետյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր