211652_close_icon
views-count2936 դիտում article-date 21:21 27-02-2018

Հնդիկ ուսանողները՝ ուշադրության կենտրոնում

Հնդիկ ուսանողներին վերաբերվող հարցերն էին այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղար Գիտեշ Սարմայի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հանդիպման առանցքում: Հնդկաստանից ժամանած դիվանագետը բարձր գնահատեց այն մեծ աշխատանքը, որը կատարում է պետական բժշկական համալսարանը հնդիկ ուսանողների ոչ միայն կրթության, այլև կացության, հանգստի կազմակերպման և այլ հարցերում: Գիտեշ Սարման երեկ անձամբ է շփվել հնդիկ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ապագա բժիշկներից է տեղեկացել և տպավորված է, որ ուսանողները Հայաստանում բժշկական կրթություն ստանալու գործընթացում որևէ խնդիր չունեն: ԵՊԲՀ ռեկտորը նշեց, որ հնդիկ ուսանողներն առանցքային դերակատարում ունեն այս համալսարանում: Նրանք աչքի են ընկնում իրենց կարգապահությամբ, համալսարանական մշակութային կյանքում ակտիվ ներգրավածությամբ: Բուհի ղեկավարն ընդգծեց, որ հայ-հնդկական հարաբերությունները բժշկական կրթության ոլորտում ոչ միայն գործնական դաշտում են, այլև վաղուց փոխակերպվել են մարդկային ջերմ փոխհարաբերությունների, այդ մասին են վկայում, օրինակ, Սայաթ–Նովայի կամ Կոմիտասի հայերեն ստեղծագործությունները կատարող հնդիկ ուսանողները: Ողջունելի է, որ բժշկական համալսարանն ունի նաև հայի հետ ամուսնացած հնդիկ աշխատակից՝ Ռահուլ Սետհին, ով այժմ սովորում է կլինիկական օրդինատուրայում և համատեղությամբ աշխատում է նաև ԵՊԲՀ նորաբաց Կարիերայի կենտրոնում: Օրեր առաջ համալսարանի հնդիկ ուսանողների համար մեկնարկեցին Հնդկաստանի Հանրապետության արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննության (Foreign Medical Graduates Examination (FMGE)) նախապատրաստական դասընթացները։ Ռեկտորի գնահատմամբ՝ այս դասընթացները ևս ուղղված են բժշկական կրթության միջազգայնացմանը: Արմեն Մուրադյանը շեշտեց, որ ԵՊԲՀ-ն միջազգայնացման քաղաքականություն է վարում և բուհի առաջնային նպատակն է պատրաստել միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ: Նշվեց, որ առաջիկայում համալսարանական տարածքների ընդլայնման հետ կապված օրակարգում է օտարերկրացի ուսանողների հանրակացարանային պայմանների բարելավման հարցը:

Նմանատիպ նյութեր