211652_close_icon
views-count3505 դիտում article-date 15:50 27-02-2018

Ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերին միացել է ևս 3 ֆինանսական կառույց

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանը, «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանն այսօր ստորագրել են Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր: Ծրագրերի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին: Պետության կողմից իրականացվելու է վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում: Շահառուները կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար կարող են ստանալ տարեկան 2, իսկ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար` 5 % տոկոսադրույքով վարկեր: «Մեր ծրագրերին արդեն միացել է 8 ֆինանսական կառույց, ավելացել է նաև կապալառուների ցանկը` համալրվելով և' տեղական կազմակերպություններով, և' արտասահմանյան բավական մեծ փորձ ունեցող ընկերություններով», - նշել է նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը: Փոխնախարարի խոսքով` ծրագրերի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թե' գյուղացիական տնտեսությունները և թե' բանկային կառույցները: «Սա պետություն-մասնավոր հատված համագործակցության հերթական քայլն է, որը, համոզված եմ, մեծ դրական արդյունք կունենա մեր տնտեսվարողների համար: Մենք մեր հաճախորդներին արդեն կարող ենք առաջարկել այնպիսի ֆինանսավորում, որն էապես կնպաստի նրանց բիզնեսի զարգացմանը, քանի որ պետության կողմից տոկոսադրույքների սուբսիդավորման էական առաջարկ է արվում», - նշել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը: «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ–ի վարչության նախագահի տեղակալ Նշան Գրիգորյանն ընդգծել է, որ նշված ծրագրերով առավել քան բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսության ոլորտի վարկավորման համար, և «Հայբիզնեսբանկ»-ը ևս ակտիվորեն կմասնակցի ծրագրին` իրականացնելով ծրագրերով նախատեսված պայմաններով վարկավորում: «Պետության կողմից սուբսիդավորման արդյունքում շատ մատչելի ֆինանսական ռեսուրսներ կտրամադրվեն ծրագրերի ֆինանսավորման համար: Կանխատեսում ենք, որ պահանջարկը կլինի բավականին մեծ և արդյունավետ գյուղատնտեսության զարգացման համար», - իր հերթին նշել է «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը: Մինչ օրս նշված ծրագրերի շրջանակում համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ», «Ինեկոբանկ», «Կոնվերս բանկ», «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ների և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի հետ:

Նմանատիպ նյութեր