211652_close_icon
views-count4068 դիտում article-date 20:26 26-02-2018

Փաշիկ Ալավերդյան. Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը երկար ժամանակ է դադարեցրել է մարզումները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը. «Նա հայտարարել է, որ այլևս չի մասնակցելու մրցումների, ավարտում է կարիերան և ցանկանում է ուշադրությունը լիովին սևեռել ընտանիքի վրա»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ մեծահասակներն օգոստոսի 20-ից հետո կարող են մասնակցել միջազգային ֆեդերացիայի օրացուցային ծրագրում ընդգրկված բոլոր մրցումներին. «Մեր գլխավոր նպատակը, իհարկե, աշխարհի առաջնությունն է, որտեղ խաղարկվելու են օլիմպիական խաղերի վարկանիշեր: Նոր կանոնակարգի համաձայն, օլիմպիական ուղեգրերը լինելու են անհատական: Այսուհետ Խաղերին յուրաքանչյուր երկիր առավելագույնը կարող է ունենալ 4 կին և 4 տղամարդ ծանրորդ: Մինչև տարվա գլխավոր ստուգատեսը, մեր մարզիկները կմասնակցեն ուսանողական խաղերին, Եվրոպայի Մ 20 ու Մ 23 տարեկանների առաջնություններին, որպեսզի լիովին պատրաստ մոտենանք աշխարհի առաջնությանը: Ինչպես նաև, կունենաք ուսումնամարզական հավաքներ: Հաջորդ ամիս տղամարդիկ հավաք կանցկացնեն Ուկրաինայում, իսկ կանայք՝ Երևանի Օլիմպավանում»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը: Այս տարի կարևոր մրցում է սպասվում պատանիներին: Բուենոս Այրեսի պատանեկան ամառային խաղերին երկիրը կարող է ներկայացնել մեկ տղա և մեկ աղջիկ. «Մեկ ուղեգիր ունենք տղաներից: Դեռևս չենք որոշել՝ որ ծանրորդը կմեկնի Բուենոս Այրես: Ամեն դեպքում հանդես կգա ուժեղագույնը: Իսկ աղջիկներն օլիմպիական ուղեգիր կփորձեն ձեռք բերել Եվրոպայի առաջնությունում: Դրա համար պետք է թիմային հաշվարկով զբաղեցնել 1-6-րդ հորիզոնականները: Մեծ հնարավորություններ ունի Լիանա Գյուրջյանը»,- նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Նախատեսվում է, որ մարտի 26-ին կլինի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողով, որին կմասնակցնի նաև Փաշիկ Ալավերդյանը:

Նմանատիպ նյութեր