110249 դիտում
10:01 23-02-2018
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Գայ գյուղում այրվող տանը հրշեջները հայտնաբերել են 61-ամյա տղամարդու մոխրացած դի. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գաի գյուղում տուն է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, մարզի փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանի և ջոկատի հրամանատար Վահան Մկրտչյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները, նշված գյուղի թիվ 13 տանը մարելով կրակը, այնտեղ հայտնաբերել են 61-ամյա Ռազմիկ Հայրապետյանի՝ ամբողջովին այրված դին։
Տունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ փորձել են պայքարել գյուղացիները՝ գյուղապետ Սեյրան Մարկոսյանի գլխավորությամբ։
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ, Արդարադատության փոխգնդապետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Տեղում է նաև դատական բժիշկը, ում [color=#EF2929]նախնական եզրակացության համաձայն՝ դիակի դիահերձման արդյունքում Ռ.Հայրապետյանի մարմնից՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային մակերեսի մաշկի տակից, դուրս է բերվել 2 պլաստմասե պիժ-կոնտեյներ (որսորդական հրացանի փամփուշտի կոտորակներ), ինչպես նաև՝ ներքին օրգանների միջից դուրս են բերվել բազմաթիվ մետաղական կոտորակներ: [/color]
Քիչ առաջ ժամանեցին նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թեմուր Ջնդոյանը։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ [color=#EF2929]Ռ.Հայրապետյանի սպանության և հրկիզման եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+