Կասկածները, ճիշտ կլինի, փարատվեն ՍԴ որոշմամբ, որ նոր նախագահի լեգիտիմությունը կասկածելի չլինի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի նոր նախագահի ընտրության կարգի սահմանադրականության վերաբերյալ քննարկումները չեն դադարում:
Հիշեցնենք` նոր Սահմանադրության 125 հոդվածը, ըստ որի` նախագահին ընտրելու է ԱԺ-ն, դեռևս ուժի մեջ չի մտել: Հետևաբար, ենթադրվում է՝ նախագահին պետք է ընտրի ժողովուրդը:
Բայց իշխանությունները հղում անելով Սահմանադրության անցումային դրույթներին` պնդում են, որ նոր նախագահի ընտրություններն անցկացվելու են նոր կարգով, այսինքն՝ ընտրելու իրավունքն, այնուամենայնիվ, խորհրդարանինն է:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ևս մեկնաբանելով Սահմանադրությունը և հղում անելով անցումային դրույթներին, պաշտպանել է իշխանությունների տեսակետը:
Մինչ այդ, նկատենք, երեկ ԱԺ «Ելք» խմբակցությունը հայտարարել է այս հարցի սահմանադրականությունը որոշելու համար ՍԴ դիմելու մտադրության մասին:
Սակայն ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 21 պատգամավորի ստորագրություն. «Ելք»-ն ունի 9 պատգամավոր և կոչ է արել «Ծառուկյան» խմբակցությանը միանալ իրենց:
Վերջիններս դեռ չեն արձագանքել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանն ասել է, թե տեղյակ չէ ստորագրահավաքից:
Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ, մեր հարցին ի պատասխան, նույն պատասխանն է տվել` հավելելով. «Այն ստացվելու դեպքում կքննարկենք, նոր կասենք»:
Նկատենք, սակայն, այս հարցով ՍԴ դիմելու հարցում առաջինը պետք է շահագրգռված լիներ հենց իշխող ՀՀԿ-ն. ի վերջո, միայն ՍԴ-ին է տրված նման հարցերի սահմանադրականությունը որոշելու գործառույթը, ուստի եթե կան կասկածներ, ապա ճիշտ կլինի, որ դրանք փարատվեն ՍԴ որոշմամբ: Այլապես ստացվում է, որ նոր նախագահի լեգիտիմությունը ևս կասկածելի է լինելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]