Առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրումը կբերի դեղերի էլ ավելի մեծ թանկացման. ԴԱՆՄ ղեկավար
Հայաստանում առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրումը կբերի դեղերի էլ ավելի մեծ թանկացման: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Դեղարտադրողների և ներմուծողների միության (ԴԱՆՄ) գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
Նրա խոսքով՝ առողջապահության էլեկտրոնային համակարգի ներդրումն ինքնին առողջապահության համակարգի զարգացման լուրջ քայլ է, և շատ զարգացած երկրներում է համանման համակարգ գործում: Հիմնական խնդիրը վերաբերում է ժամկետներին: Բանն այն է, որ eHealth համակարգի հետ աշխատելու համար դեղատանը պետք է համակարգիչ լինի, միացում ինտերնետին, իսկ աշխատակիցները պետք է հատուկ էլեկտրոնային ID քարտեր ունենան:
Այս ամենի ներդրումը ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում, իսկ մեր դեղատները, Սամվել Զաքարյանի խոսքով, դրան պատրաստ չեն: Ավելին՝ eHealth համակարգի սպասարկման համար դեղատները ևս ստիպված կլինեն վճարել և՝ մեծ գումար: Արդյունքում՝ այս բոլոր ծախսերը, որոնք, դրա հետ մեկտեղ, պետք է կարճ ժամանակում արվեն, այլ ոչ թե, ասենք, մի քանի տարում, կարող են բերել ինքնարժեքի մեծացման, հետևաբար՝ նաեւ դեղերի գների թանկացման: