ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը նպատակ էր դրել ԱՄՆ-ում քաոս ստեղծել, ապա այդ հարցում հաջողությունների է հասել:
«Եթե Ռուսաստանը ցանկանում էր ԱՄՆ-ում տարաձայնություններ և քաոս ստեղծել, ապա հաշվի առնելով կոմիտեներում լսումներրը, հետաքննությունները և միջկուսակցական թշնամությունները, նրանք իրենց ակնկալիքներից ավելիին են հասել», գրել է Թրամպն իր թվիթերում:
Բացի այդ, Թրամպը հորինվածք է համարել ռուսական կողմի և իր նախընտրական շտաբի միջև դավադրության մասին հայտարարությունը՝ հիշեցնելով, որ նա երբեք չի հերքել ռուսական միջամտության հնարավորությունը ամերիկյան ընտրություններին:
«Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը չի միջամտել ընտրություններին: Ես ասել եմ, որ դա կարող էր լինել Ռուսաստանը, Չինաստանը կամ մեկ այլ խմբավորում», գրել է ամերիկյան առաջնորդը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կոնգրեսն ու ՀԴԲ-ն հետաքննություն են անցկացնում՝ 2016թ. նախագահական ընտրություններում այսպես կոչված «ռուսական միջամտության» առթիվ: Իր հերթին Ռուսաստանը բազմիցս հերքել է միջամտության առթիվ իրեն վերագրվող մեղադրանքները: