Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց Լրագրողների անկախ արհմիություն
Այսօր Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել և Պետռեգիստրում գրանցվել է Լրագրողների անկախ արհմիությունը:
Արհմիության Հիմնադիր խորհրդի որոշմամբ արհմիության նախագահ է ընտրվել լրագրող և հրապարակախոս Լևոն Սարդարյանը:
Արհմիությունը զբաղվելու է լրագրողների և ԶԼՄ-ների հետ առնչություն ունեցողների մասնագիտական և աշխատանքային շահերի պաշտպանությամբ, ինչպես նաև, ՀՀ օրենսդրության ընձեռնած հնարավորություններից օգտվելով, նախաձեռնելու է օրենսդրական մի շարք փոփոխություններ:
Հիմնադիր խորհուրդը, որի կազմում են հանրությանը հայտնի լրագրողներ Հայկ Գևորգյանը, Աննա Իսրայելյանը, Գայանե Աբրահամյանը, Անուշ Հարությունյանը, Վահագն Թևոսյանը, Էրիկ Անթառանյանը, Ռուբեն Աբրահամյանը, Մհեր Արշակյանը, Մհեր Ղալեչյանը և Լևոն Սարդարյանը, առաջիկայում կձևավորի նաև արհմիության վարչություն, ինչից հետո արհմիությունը կակսի լիարժեք գործել:
Արհմիության նորընտիր ղեկավար Լևոն Սարդարյանը ակնկալում է, որ լրագրողները գործուն մասնակցություն կունենան արհմիության կայացմանը՝ վստահություն հայտնելով, որ այս կառույցը՝ գործակցելով լրագրողական այլ կառույցների հետ, ի զորու կլինի գոնե մասամբ լուծել այն խնդիրները, որոնք կան լրատվական դաշտում և կկարողանա օգնել լրագրողներին` իրացնելու իրենց մասնագիտական շահերն ու իրավունքները: