211652_close_icon
views-count7677 դիտում article-date 13:13 07-02-2018

Վիկ Դարչինյան. Կմենամարտեմ միայն չեմպիոնական գոտու համար

Այս օրերին Երևանում է պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ, մի քանի վարկածով աշխարհի տիտղոսակիր և աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը: Բռնցքամարտիկին հայրենիք բերել է կարոտը: Վերջին շրջանում պրոֆեսիանալ ռինգում Վիկ Դարչինյան անունը գրեթե բացակայում է: Բռնցքամարտիկը մարզիկի կարիերան ավարտելու եզրին է: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Դարչինյանը պատմեց, թե ինչն էր նրան ստիպել երկար դադարից հետո նորից ռինգ մտնել, ինչով է զբաղվում այս պահին և ինչ նպատակներ ունի կարիերան ավարտելուց հետո. «2017 թվականի սկզբին արդեն ավարտել էի կարիերաս, չնայած այդ մասին չէի հայտարարել: Բայց, Ռուսաստանից առաջարկ ստացա մենամարտել Եվգենի Գրադովիչի հետ, որն աշխարհի չեմպիոնի գոտի ունի: Նրանց ասացի, որ ավարտել եմ կարիերաս, բայց եթե 20 օր ժամանակ տան՝ վերջնական կպատասխանեմ: Այդ ընթացքում մարզավիճակ ձեռք բերելու համար մի մենամարտ անցկացրի թայլանդցի բռնցքամարտիկի հետ: Նրան շատ արագ հաղթեցի նոկաուտով: Չէի ասի վատ բռնցքամարտիկ էր, ուներ ե´ւ հաղթանակներ, ե´ւ պարտություններ: Զգացի, որ պատրաստ եմ: Զանգեցի և ասացի, որ կմենամարտեմ Գրադովիչի հետ, կարող ենք օր նշանակել: Նախնական պայմանավորվեցինք մենամարտել սեպտեմբերի սկզբին: Նրանք խնդրեցին մենամարտիս տեսագրությունն ուղարկել, որ սկսեն պայմանագիրը պատրաստել: Այն նայելուց հետո հետ կանգնեցին: Նրանք մտածում էին, որ տարիքով եմ, չեմ կարող պայքարել: Բայց տեսագրությունից հետո հասկացան, որ ես միայն հաղթանակի համար եմ մենամարտելու: Կարծում եմ՝ վախեցան գոտին կորցնել: Գրադովիչը նույնպես տարիքով է, այդ դեպքից հետո նա ավարտեց կարիերան: Վաղուց էի ցանկանում նրա հետ մենամարտել, և գոտու համար պայքարը ինձ ստիպեց կրկին ռինգ մտնել: Երկար ժամանակ Գրադովիչը հրաժարվում էր ինձ հետ մենամարտել: Դրա համար երբ առաջարկ ստացա սկսեցի մտածել այդ ուղղությամբ: Այս պահին էլ, եթե նա ցանկանա՝ ես կհամաձայնեմ: Պատրաստ եմ մենամարտել միայն չեմպիոնական գոտու համար: Մինչև այս տարվա կեսը կսպասեմ, եթե լավ առաջարկ չեղավ՝ բռնցքամարտիկի կարիերաս կավարտեմ»,- ասաց Վիկ Դարչինյանը: Մարզիկի կարիերայի ավարտից հետո թե ինչով կզբաղվի՝ Դարչինյանը դեռ չի որոշել: Ասում է առաջարկներ շատ կան, պետք է մտածել: «Ցանկանում եմ օգնել բռնցքամարտիկներին: Այս պահին Ավստրալիայում մարզում եմ երկու հայ բռնցքամարտիկի, որոնք Չեխիայից են: Ուզում եմ ակումբ հիմնել ԱՄՆ-ում»,- նշեց մարզիկը:

Նմանատիպ նյութեր