Մարդը ապրանք է ներմուծում Հայաստան, ինչո՞ւ ենք իրեն այդ հարցով սահմանափակում. վարչապետ
Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտների վերացման խնդրին:
«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ։ Նշվածի արդյունքում սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը և անձանց ապրանքի օգտագործման կամ տնօրինման հնարավորությունը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 20- օրյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ:
«Իրականում անհասկանալի է, եթե մարդը ապրանք է ներմուծում Հայաստան և ունի արգելանք իր հաշվի վրա, ինչու ենք մենք իրեն այդ հարցով սահմանափակում»,-նշել է վարչապետը: