211652_close_icon
views-count6636 դիտում article-date 12:05 30-01-2018

Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում․Արտակ Բեգլարյան

Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում՝ հիդրոէներգետիկայի արագ զարգացմանը զուգահեռ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արտակ Բեգլարյանը։ Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա կգործարկվի նաև 5.95 մՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ. ընդ որում՝ սա ջրամբարով ՀԷԿ-ի կառուցման առաջին դեպքն է անկախ ՀՀ-ի և ԱՀ-ի պատմության մեջ: Ջրամբարը կիրառվելու է նաև ձկնաբուծության և ոռոգման նպատակներով: Ուշագրավ է, որ սեփականատերն օտարերկրյա ներդրող է, ով նախագծի վրա ծախսել է մի քանի տասնյակ միլիոն դոլարի հասնող գումար: Դրանից բացի, օրեր առաջ պետական նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին Սարսանգ-Մատաղիս հատվածում չորս նախագիծ է իրականացվելու, որոնց շրջանակներում ջրամբարներ են կառուցվելու՝ հիդրոէներգետիկայի, ոռոգման և ձկնաբուծության նպատակներով: Այդ նախագծերի արժեքն անցնելու է 100 միլիոն դոլարը, որի զգալի մասը ներդրվելու է օտարերկրյա ընկերությունների կողմից: Տեղեկացնեմ, որ 2018 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել 6 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 28.5 մՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ և 161.7 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի միջին տարեկան արտադրանքով: Ներկայումս Արցախում գործում է 16 ՀԷԿ, որոնց արտադրությունը 2017թ.-ին կազմել է 327,8 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ ընդհանուր սպառման ծավալները հանրապետությունում կազմել են 351,1 մլն կՎտ/ժ: Պլանավորվում է մի քանի տարում սեփական արտադրանքը հասցնել ավելի քան 800 մլն կՎտ/ժ-ի, և դա այն դեպքում, երբ 10 տարի առաջ այն չէր գերազանցում 90 մլն կՎտ/ժ-ը:

Նմանատիպ նյութեր