211652_close_icon
views-count3467 դիտում article-date 14:08 10-01-2018

Ներկայումս հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ

Հանրապետությունում սուր շնչառական վարակների ակտիվացումը պայմանավորված է տոնական օրերի ընթացքում բնակչության ակտիվ շփումներով: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ օրական մշտադիտարկման արդյունքներով հիվանդության աճ արձանագրվել է հատկապես մանկահասակ երեխաների շրջանում։ Դրանով է բացատրվում Երևանի մանկական հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը: Ներկայումս հանրապետության բոլոր ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է գրեթե 600 հիվանդ, որոնց մեծամասնությունը 0-2 տարեկան երեխաներ են: Բժշկական կազմակերպություններում բուժվում են նաև թոքաբորբ և բրոնխիտ ախտորոշումներով հիվանդներ, այդ թվում՝ վիրուսային ծագման: Հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության` առողջացման դրական շարժով: Հետգրիպային բարդություններով պայմանավորված ծանր թոքաբորբերով հիվանդներ չկան: Նախորդ տարիներին, մասնավորապես՝ 2015 և 2016 թվականների գրիպի սեզոնի ընթացքում սուր շնչառական վարակներով ստացիոնար կազմակերպություններում օրական արձանագրվել է գրեթե 1000–1500 դիմելիություն։ Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք ապահովում են սուր շնչառական վարակների և գրիպի լիարժեք բուժումը: Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով 2017 թվականի նոյեմբերից Հայաստանում շրջանառում են գրիպի Ա և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների (ռինովիրուսներ, բոկավիրուսներ, պարագիրպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ) հարուցիչներ: Դրանց նկատմամբ խոցելի են բոլոր տարիքային խմբերի անձինք, հատկապես՝ մանկահասակ երեխաները։ Առողջապահութան նախարարությունից տեղեկացնում են, որ հիվանդության կանխարգելման լավագույն միջոցը գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից խուսափելն է։ Նախարարությունից հորդորում են` եթե հիվանդ եք՝ մնացեք տանը, հիվանդ երեխային մի ուղարկեք դպրոց կամ մանկապարտեզ։ Դիմեք բժշկի և հետևեք նրա խորհուրդներին։

Նմանատիպ նյութեր