211652_close_icon
views-count3325 դիտում article-date 18:12 29-12-2017

Հրաչյա Ռոստոմյանը վերընտրվեց բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2017 թվականի ամփոփիչ նիստում տեղի ունեցան ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրություններ: ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվեց պաշտոնում: Ֆեդերացիան կրկին կունենա չորս փոխնախագահ՝ Արա Պողոսյան, Վահագն Հարությունյան, Ջեկ Գալաջյան և Սուրեն Զոհրաբյան: Պողոսյանը, Հարությունյանն ու Զոհրաբյանը վերընտրվեցին իրենց պաշտոններում, իսկ Ջեկ Գալաջյանն առաջին անգամ դարձավ ՀԲՖ փոխնախագահ: Նշվեց, որ ԱՄՆ-ում բնակվող Ջեկ Գալաջյանը մեծ ծավալի աշխատանք է կատարում Հայաստանում մանկապատանեկան բասկետբոլը զարգացնելու ուղղությամբ: ՀԲՖ-ն ունեցավ նաև նախագահության նոր կազմ. Հրաչյա Ռոստոմյան, Վահագն Հարությունյան, Արա Պողոսյան, Արթուր Նազարյան, Վարդան Խաչատրյան, Աննա Թադևոսյան, Կարեն Գիլոյան, Վազգեն Միքայելյան, Սուրեն Զոհրաբյան, Ջեկ Գալաջյան։ Նիստի ընթացքում հաշվետվությամբ հանդես եկավ ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարում կատարած աշխատանքները: ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը խոսեց 2018 թվականի ծրագրերի մասին: Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ 2018 թվականը լինելու է նոր մարտահրավերների տարի. «Վերջին տարիներին զգալիորեն ավելացել են հավաքական թիմերի մասնակցությամբ հանդիպումները միջազգային ասպարեզում, իսկ այժմ ավելացնում ենք նաև տեղական առաջնություններ։ Մի շարք տարիքային խմբերում 2018 թվականին կունենանք կանոնավոր առաջնություններ: Խաղերի քանակը մի քանի անգամ ավելանալու է, և ամբողջ տարին ֆեդերացիան աշխատելու է բավականին ծանրաբեռնված ռեժիմով: Խաղերին զուգահեռ շարունակվելու են մրցավարների և մարզիչների որակավորումը բարձրացնելու աշխատանքները, ինչը շատ կարևոր է: Վստահ եմ, որ պատվով դուրս կգանք: Առիթից օգտվելով ցանկանում եմ նաև շնորհավորել բասկետբոլի աշխարհի բոլոր անձանց Նոր տարին և Սուրբ ծնունդը»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը։

Նմանատիպ նյութեր