211652_close_icon
views-count8253 դիտում article-date 23:38 19-12-2017

Այսօր Հայաստանում լողով արդեն զբաղվում է շուրջ 3000 պատանի

Մրցաշրջան 2017-ը Լողի հայկական դաշնության համար հաջող էր: Մեր լողորդները պատշաճ մակարդակով մասնակցել են աշխարհի առաջնություններին՝ թարմացնելով Հայաստանի մեծահասակների և պատանիների ռեկորդներ: «Մարզական արդյունքների առումով լուրջ ձեռքբերում են Անի Պողոսյանի և Արթուր Բարսեղյանի նվաճած՝ Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերը, Արթուր Բարսեղյանի՝ աշխարհի պատանեկան առաջնությունում լրացրած միջազգային կարգի սպորտի վարպետի ու ևս վեց լողորդի սպորտի վարպետի նորմաները: Մեր լողորդների միջազգային մեկնարկները դեռ շատ չեն, սակայն անում ենք ամեն բան ավելիին հասնելու համար: Ընդ որում, շեշտը դնում ենք պատանիների ու երիտասարդների վրա: Նրանք այս տարի մասնակցել են մի քանի միջազգային մրցաշարի, իսկ Վրաստանից և Իրանից տուն վերադարձել շուրջ 100 մեդալով: Պատահական չէ, որ Հայաստանի մեծահասակների հավաքականը համալրվում է գերազանցապես պատանիներով ու երիտասարդներով: Վարպետության բարձրացմանը զուգընթաց մեծ կարևորություն ենք տալիս լողի մասսայականացմանը հանրապետությունում, առանց որի հեռանկար չկա: Շնորհիվ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հանձնարարության և աջակցության, լողը Հայաստանում ընդգրկում է նոր տարածաշրջաններ: Այս ամռանն Իջևան քաղաքում նոր լողավազան բացեցինք, ինչի արդյունքում Իջևանը հանրապետության պատանեկան առաջնություններին ու մյուս մրցումներին առաջին անգամ մասնակցել է առանձին թիմով: Հիմա անգործության մատնված երկրորդ լողավազանն ենք հիմնանորոգում Հրազդան քաղաքում: Առանց շտապելու շարժվում ենք առաջ՝ վստահ լինելով, որ Հայաստանում լողը նույնպես հենակետային մարզաձև կդառնա», - ՀԱՕԿ լրատվականին հայտնեց Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը: ԼՀԴ նախագահը խոսեց նաև 2018 թ. ծրագրերի մասին. «Եկող տարվա օրացուցային պլանն ավելի հագեցած է լինելու: Պատանի լողորդները Հելսինկիում կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը, մեծահասակները Գլազգոյում հանդես կգան մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Իսկ պատանեկան օլիմպիական խաղերը Բուենոս Այրեսում կլինի գլխավոր մեկնարկը: Այս երեք մրցումներում մեկնարկելու են մեր լավագույն լողորդները, իսկ մյուսները կշարունակեն հանդես գալ միջազգային մրցաշարերում, մինչև իրենք էլ համապատասխան մակարդակի կհասնեն: Մեզ հատկացվող աջակցության գումարները համեստ են: Բայց չենք տրտնջում: Դրանք օգտագործում ենք խիստ նպատակային: Ինքներս էլ փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում բացը ինչ-որ չափով լրացնել: Մրցումներ շատ կան, բայց ընտրում ենք նրանք, որոնք օգտակար կլինեն մեր լողորդներին, կնպաստեն Հայաստանում լողի զարգացման դրական աճին: Այսօր Հայաստանում լողով արդեն զբաղվում է շուրջ 3000 պատանի: Դա նաև նոր լողավազանների շահագործման արդյունք է: Եկող տարի շարունակելու ենք մեր կարևորագույն ծրագրերից մեկը՝ մարզաձևը մարզերում զարգացնելը: Դրա համար 2018 թվականին պլանավորել ենք, օրինակ, Վանաձորում ավանդաբար կազմակերպվող «Ուրախ դելֆին» պատանիների մրցման տարիքային փուլերը բաշխել այլ մարզերի ու քաղաքների վրա, որտեղ լողավազան կա: «Ուրախ դելֆին» մրցման փուլերից մեկն անպայման կանցկացվի Իջևանում, մյուսները՝ Գյումրիում, Հրազդանում, երբ կշահագործենք այնտեղի լողավազանը: Ի դեպ, Իջևանի լողի ՄՊՄԴ-ում լողավազանից բացի գործում է նաև լավ կահավորված հյուրանոց, խաղադաշտ, վարժասարքերի սրահ: Այնտեղ մյուս մարզաձևերն էլ կարող են ուսումնամարզական հավաքներ անցկացնել», - ասաց Հովսեփ Մեսրոպյանը:

Նմանատիպ նյութեր