1680 դիտում
15:47 14-12-2017
Շարունակվում են մայրաքաղաքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ աշխատանքները
Մայրաքաղաքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Ըստ այդմ, նոր ծավալների ու մակերեսների ստեղծման շինաշխատանքների կամ նոր պարսպի կառուցման դեպքերում գույքի սեփականության վկայականի պատճենի ու անձը հաստատող փաստաթղթի և էսքիզային տարբերակի առկայությամբ անհրաժեշտ է դիմել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ և ստանալ ճարտարապետահատակագծային առաջադրանք: Եթե չկա լրացուցիչ հարցումների կարիք, քաղաքապետարանը տասնօրյա ժամկետում կտրամադրի ճարտարապետահատակագծային առաջադրանք, որի հիման վրա կառուցապատողի կարգավիճակ ստացած սեփականատերը որևէ նախագծող կազմակերպության պետք է պատվիրի համապատասխան նախագծի մշակումը:
Նախագծի պատրաստ լինելուց հետո անհրաժեշտ է դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան»՝ դիմումին կցելով այդ գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որից հետո քաղաքապետարանը կառուցապատողին հնգօրյա ժամկետում կտրամադրի համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագիծը և շինարարության թույտվությունը: Եթե միջինից բարձր ռիսկայնության ծավալ ունեցող շինաշխատանքների համար նախագծերի մշակումը քաղաքաշինության նորմերի համապատասխանության առումով նախատեսում է հետագայում փորձաքննության որոշակի գործընթացի իրականացում, ապա միջին ռիսկայնության օբյեկտների դեպքում նման խնդիր օրենսդրությամբ դրված չէ. այն կարգավորվում է նախագծողի կողմից տրվող երաշխավորագրով, որով հիմնավորվում է նախագծի համապատասխանությունը քաղաքաշինական նորմերին և կանոններին:
Երկրորդ կատեգորիայի ռիսկայնության մի շարք աշխատանքների, որոնք հիմնականում վերաբերում են մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների, բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով օբյեկտների, մինչև 150 քմ մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների, 100 քմ մակերեսը չգերազանցող ոչ հիմնական շինությունների կառուցմանը և մի շարք այլ դեպքերին, կառուցապատողն իր հայեցողությամբ շինարարական աշխատանքները կարող է իրականացնել առանց շինարարական կազմակերպության ու տեխնիկական հսկողություն իրականացնողի ներգրավման: Այս դեպքերում շինարարության նկատմամբ հսկողությունն իրականացվում է միայն նախագծի հեղինակի կողմից և հետագայում՝ ավարտական ակտի ձևակերպման ընթացքում ընդունման աշխատանքներին մասնակցում է միայն նախագծող կազմակերպությունը:
Տեղեկացնենք, որ քաղաքաշինական գործընթացի բոլոր ընթացակարգերը հանգամանորեն ներկայացված են Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքի՝ «Մեկ պատուհան» և Doing Business բաժիններում: Գործընթացի մանրամասներին կարելի է ծանոթանալ նաև Երևանի քաղաքապետարանում և 12 վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» գրասենյակներում:
Նշենք նաև, որ գործարար միջավայրի բարելավման՝ Doing Business վարկանիշում Հայաստանի դիրքը բարձրացնելու գործոններից մեկը շինարարության մատչելիության ցուցիչն է, ինչն ապահովելու համար գործընթացին իր լիազորությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում է նաև Երևանի քաղաքապետարանը:
Նմանատիպ նյութեր
1402 դիտում
19:03 17-10-2016
Պարզեցվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը. կարելի է դիմել նաև էլեկտրոնային տարբերակով
3064 դիտում
17:13 22-01-2018
Մշակվել են կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ուղեցույցներ
727 դիտում
12:35 07-07-2023
Շարունակվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները
Այս բաժնից
1369 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
985 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար