211652_close_icon
views-count562 դիտում article-date 12:35 07-07-2023

Շարունակվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները

Հայաստանի բոլոր բնակավայրերը մինչև 2024 թվականը կունենան քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր: Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվել են միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթեր 8 մարզի համար, որից 6-ինն արդեն հաստատվել են: Այս տարի մեկնարկել է Լոռու և Կոտայքի մարզերի փաստաթղթերի մշակումը: Դրանց հաստատմամբ հանրապետության քաղաքային և գյուղական բոլոր բնակավայրերը կունենան քաղաքաշինական գործընթացները կանոնակարգող հիմնական ուղեցույց ծառայող ծրագրային փաստաթղթեր: Հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն։

Փաստաթղթերի կիրառությունն առավել դյուրին դարձնելու նպատակով քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդամները պարբերաբար այցելում են մարզեր՝ համայնքների ղեկավարներին և շահագրգիռ բոլոր կողմերին ներկայացնելու դրանց կիրառման կարգը, հավաքագրելու ծագող հարցերը, առաջարկները և աջակցելու մասնագիտական պարզաբանումներով։

Աշխատանքային խումբն այցելել է Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզեր։ Առաջիկայում նախատեսված են քննարկումներ Գեղարքունիքի և Լոռու մարզերում։

Միկրոռեգիոնալ փաստաթղթերը ներառում են տարածական պլանավորման երեք մակարդակ՝ մարզ, համայնք և բնակավայր՝ համապատասխանաբար ընդգրկելով տարածքային հատակագծման նախագիծ, գլխավոր հատակագիծ և գոտևորման նախագիծ։ Հետևաբար կոչված են կանոնակարգելու ինչպես յուրաքանչյուր բնակավայրի տարածքում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը, այնպես էլ տարածաշրջանային նշանակության համընդհանուր խնդիրները։

Ինչպես տեղեկացնում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, ճարտարապետահատակագծային խնդիրների լուծումից բացի փաստաթղթերում առաջարկվում են բնակավայրի մշակութային ժառանգության և բնական միջավայրի պահպանման, հետագա ճիշտ օգտագործման, նաև տարածաշրջանի ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված պայմաններ։ Փաստաթղթերում արտացոլվում են այն հիմնական գործողությունները, որոնք անհրաժեշտ են տարածքների մրցունակությունը բարձրացնելու և Հայաստանի մարզերի միջև զարգացման առկա անհամաչափությունները մեղմելու համար։ Դրանք հնարավորություն են տալիս իրականացնել քաղաքաշինական այնպիսի քաղաքականություն, որը հիմնված է մարզի իրական կարիքների և ռեսուրսային հնարավորությունների վրա՝ նպաստելով մարզերի տնտեսական զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և բնակչության կենսամիջավայրի ու կենսամակարդակի բարելավմանը,-ընդգծում է Նունե Պետրոսյանը։ Որպես օրինակ նա առանձնացնում է հուշարձան-շինություններին երկրորդ կյանք տալու, նոր թաղամասեր ձևավորելու, զբոսաշրջային, գյուղատնտեսական կամ այլ հեռանկարով բնակավայրերի տարածքը ճիշտ օգտագործելու, ենթակառուցվածքներ ստեղծելու ծրագրային առաջարկները, որոնք յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունները հաշվի առնելով ներկայացված են փաստաթղթերում։

Միկրոռեգիոնալ մակարդակի քաղաքաշինական փաստաթղթերը մշակվում են ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն՝ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Դրանք արդեն կիրառվում են Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Առաջիկայում նախատեսվում է ավելացնել մշտադիտարկում իրականացնելու պահանջ՝ վերահսկելու համար ծրագրային ուղղությունների իրագործման ընթացքը և գնահատելու արդյունքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր