211652_close_icon
views-count2230 դիտում article-date 15:10 13-12-2017

Պագուոշյան շարժման գլխավոր քարտուղար Պաոլո Կոտտա-Ռամուսինոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Դեկտեմբերի 9-12-ը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում էին հանուն խաղաղության և միջազգային անվտանգության հանդես եկող գիտնականների «Գիտության և համաշխարհային խնդիրների հարցերով Պագուոշյան գիտաժողովներ» միջազգային շարժման գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտտա-Ռամուսինոն և խորհրդի անդամ, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի պատվավոր նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Նիկիտինը: Պագուոշյան շարժման անդամները խաղաղության, զինաթափման և միջազգային անվտանգության, միջուկային պատերազմի կանխման և գիտական համագործակցության ջատագով անվանի գիտնականներ են, որոնց գնահատումները կարևորում են տարբեր պետությունների ղեկավարներն ու միջազգային կազմակերպությունները: 1955 թվականին այս Շարժումը նախաձեռնել են համաշխարհային հռչակ վայելող 11 գիտնականներ, այդ թվում՝ Ալբերտ Էյնշտեյնը: Միջուկային զենքի չտարածմանն ուղղված ջանքերի համար Շարժումն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Դեկտեմբերի 11-ին հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Պագուոշյան շարժման գլխավոր քարտուղար Պաոլո Կոտտա-Ռամուսինոն կազմակերպության անունից ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նույն օրը հյուրերին ընդունել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նրանց ուղեկցել է ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Շարժման գլխավոր քարտուղար Պաոլո Կոտտա-Ռամուսինոն Նախագահ Սերժ Սարգսյանից համաձայնություն և աջակցություն է խնդրել 2019 թ. Պագուոշյան շարժման համաշխարհային համաժողովը Երևանում անցկացնելու համար: Հանրապետության Նախագահը ողջունել է Երևանում համաժողովի անցկացման գաղափարը և նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցելու միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում: Հայաստան կատարած այցի շրջանակներում հյուրերը եղել են նաև Գառնիում ու Գեղարդում՝ ծանոթանալով հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը: Ամփոփելով այցը՝ անվանի գիտնականներն այցելել են Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Նրանց ընդունել է ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում 2019 թվականին Պագուոշյան շարժման հաշվետու-ընտրական համաժողովի կազմակերպման խնդիրները:

Նմանատիպ նյութեր