211652_close_icon
views-count7264 դիտում article-date 21:06 29-11-2017

ՀՀ ԱԻ նախարարությունը հիշեցնում է. ջեռուցման շրջանը դիմավորենք պատրաստված և ապահով

Ձմռանը, երբ սկսվում է ջեռուցման շրջանը, մեծ թիվ են կազմում այն հրդեհները, որոնք առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, էլեկտրական ջեռուցիչ սարքավորումների, գազով գործող զանազան սարքերի տեղակայման և շահագործման կանոնների խախտումից, ինչպես նաև` կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Պետք է հասկանալ, որ ցանկացած անզգուշություն, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների թեկուզ փոքր անտեսում կամ դրանցից շեղում` լի են անուղղելի հետևանքներով: Որպեսզի այդ վտանգը չդառնա տխուր իրողություն և կանխվի չարիքը, հարկավոր է իրականացնել հրդեհային անվտանգության ապահովմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Էլեկտրատնտեսության անսարքություններից և զանազան էլեկտրաջեռուցիչ սարքերի սխալ շահագործումից առաջացած հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել էլեկտրատեխնիկական և հակահրդեհային մի շարք կանոններ. • էլեկտրացանցը պետք է մոնտաժեն միայն մասնագետները` համաձայն էլեկտրատեխնիկական և հակահրդեհային նորմերի և կանոնների, • արգելվում է ժամանակավոր էլեկտրահաղորդագծերի անցկացումը, ինչպես նաև՝ հաղորդալարերը մեխերով ամրացնելը, • հաղորդալարերի միացումները պետք է կատարել տաք զոդման միջոցով կամ հատուկ սեղմիչների օգնությամբ, իսկ լարերի բաց հատվածները փաթաթել մեկուսիչ ժապավենով, • էլեկտրական ցանցի ճյուղավորումներն անհրաժեշտ է կատարել պատերի խոռոչներում տեղադրված փոխանցման չայրվող տուփերում, որոնք ծածկվում են կափարիչներով, • էլեկտրական ցանցը պետք է ապահովված լինի գործարանային ապահովիչներով, որոնք հաշվիչի հետ միասին ամրացվում են չայրվող նյութից պատրաստված տակդիրի վրա, տեղադրվում պատի խոռոչում և ծածկվում չայրվող կափարիչով, • խստորեն արգելվում է ինքնաշեն ապահովիչների, այսպես կոչված՝ «խծուծալարերի» օգտագործումը, • արգելվում է ինքնաշեն էլեկտրական սպառիչների օգտագործումը, • չի թույլատրվում էլեկտրական ցանցին միացնել նորմայից շատ էլեկտրասպառիչներ, • էլեկտրասպառիչների` էլեկտրական ցանցին միացումներն անհրաժեշտ է կատարել միայն վարդակների, եղանիկների և հատուկ ծայրապանակների օգնությամբ, • էլեկտրական տաքացման սարքերը պետք է տեղադրել չայրվող հիմքի վրա, իրերից և առարկաներից առնվազն մեկ մետր հեռավորության վրա: Կարևոր են նաև հրդեհային անվտանգության կանոնները պահպանել թիթեղյա վառարանների հետ առնչվելիս: Արգելվում է • վառարանը տեղադրել ելքի-մուտքի ուղիներում և թողնել առանց հսկողության, • վառարանի գործարկման համար օգտագործել բենզին և այլ դյուրավառ հեղուկներ, • բնակելի շենքերում ծխահեռացման համար օգտագործել օդափոխման և գազային անցուղիները, • վառարանը տեղադրել այրվող պատերից, միջնորմներից, ինչպես նաև՝ վառողունակ իրերից ու առարկաներից 1.5 մետրից պակաս հեռավորության վրա: Հորիզոնական ծխնելույզների և սենյակի փայտյա առաստաղի միջտարածությունը պետք է լինի 1 մետրից ոչ պակաս, • վառարանի գործարկումն առանց 3 սմ հաստության ավազի շերտով լցված մետաղական տակդիրի, որը վառարանի առջևի կողմից պետք է դուրս գա 50 սմ, իսկ կողքերից` 25 սմ: Վառարանի ոտքերը պետք է հատակից բարձր լինեն ոչ պակաս 25 սմ-ից, • վառարանի ծխնելույզը դուրս բերել տանիք: Ծխատար թիթեղյա խողովակները անհրաժեշտ է երկարացնել և լուսամուտով դուրս հանել, • վառարանի վրա, դրան մոտ պահել կամ չորացնել լվացք, վառելափայտ և այլ վառողունակ իրեր ու նյութեր, • գործող վառարանը թողնել առանց հսկողության կամ դրանց հսկողությունը վստահել երեխաներին: Կենցաղում զանազան գազասարքերից բռնկված հրդեհների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են անզգուշության և հրդեհային անվտանգության կանոնների անտեսման հետևանքով: Շատ հաճախ պայթյունի և հրդեհի պատճառ է հանդիսանում գազատար խողովակների կցամիացումների, կարգավորիչ փականների և այլ հանգույցների անհերմետիկությունը: Հետևանքը լինում է այն, որ գազի արտահոսքի դեպքում գազաօդային խառնուրդի որոշակի հարաբերակցության պայմաններում, ջերմային աղբյուրի ազդեցությունից տեղի է ունենում ակնթարթային բռնկում, որն էլ, որպես կանոն, ուղեկցվում է պայթյունով կամ հրդեհով: Արձանագրված դեպքերի վերլուծությունը վկայում է, որ գազի առկայության դեպքում մեր քաղաքացիների որոշ մասը թույլ է տալիս կոպիտ վրիպումներ, որոնք ծանր, իսկ երբեմն էլ անուղղելի հետևանքներ են ունենում: Ուստի, խորհուրդ է տրվում գազին բնորոշ հոտ զգալիս առաջին հերթին անհապաղ օդափոխել սենյակը: Այնուհետև ստուգել գազասարքի փականների դիրքը: Եթե դրանք գտնվում են փակ վիճակում, օճառի լուծույթով ներծծված սպունգով, այլ ոչ թե բաց կրակով, մանրազննին ստուգել խողովակի և ռեդուկտորի միացման հանգույցների հերմետիկությունը: Գազի արտահոսքի տեղը հայտնաբերելիս հուսալիորեն ձգել տվյալ հանգույցի պնդօղակները կամ ճարմանդները: Քանի դեռ սենյակում գազի հոտ է զգացվում, խստորեն արգելվում է լուցկի վառել, ծխել, միացնել կամ անջատել էլեկտրական լուսավորությունը և կենցաղային սարքավորումները: Մեկ անգամ ևս զգուշացնում ենք, որ զանազան էլեկտրաջեռուցիչ սարքավորումների, գազասարքերի և վառարանների ոչ ճիշտ օգտագործումը, դրանց հետ անփույթ, անպատասխանատու վարվելն ու հրդեհային անվտանգության կանոնների ամենաաննշան խախտումն անգամ բավական են, որ կորցնեք նյութական արժեքներ, պատճառ դառնաք մարդկանց խեղանդամության կամ մահվան:

Նմանատիպ նյութեր