211652_close_icon
views-count3752 դիտում article-date 19:19 24-11-2017

Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 375 ուսանող ստացավ ուսման վարձի փոխհատուցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 375 ուսանող նոյեմբերի 24-ին ստացավ ուսման վարձի փոխհատուցում։ Փոխհատուցումը կատարեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Ծրագրից օգտվել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներ։ Տղաներից 82-ը պոլիտեխնիկական համալսարանից են, 59-ը՝ ԵՊՀ-ից, 54-ը՝ պետական բժշկական, 49-ը՝ պետական տնտեսագիտական, նույնքան ճարտարապետության և շինարարության համալսարաններից, 19-ը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտից, 15-ը՝ հայկական պետական մանկավարժական համալսարանից, ֆրանսիական, սլավոնական, լեզվահասարակագիտական, ագրարային համալսարաններից, ԵՊՀ իջևանի մասնաճյուղից, Գավառի, Վանաձորի պետական համալսարաններից, Եվրասիա միջազգային համալսարանից և այլն։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նախ իր երախտագիտությունը հայտնեց ուսանողներին հայրենիքի պաշտպանության նվիրական գործի, ինչպես նաև նրա համար, որ զինծառայությունն ավարտելուց հետո տղաները շարունակում են կրթություն ստանալու պրոցեսը։ Պարոն Ավագյանը շեշտեց, որ ներկա 375 ուսանողներն ևս մեկ ապացույցն են այն բանի, որ կրթությունը շարունակական դարձնելու համար որևէ բան խոչընդոտել չի կարող, հատկապես զինվորական ծառայությունը։ ԱԺ պատգամավորը նշեց, որ ինչպես այս, այնպես էլ ՀԵՀ կողմից ուսման վարձի զեղչման մյուս ծրագրերը կյանքի են կոչվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով։ Կարեն Ավագյանը նկատեց, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը առաջիկայում մեծ հնարավորություն են տալու երիտասարդներին, որպեսզի զինծառայությունն իրականացնելով՝ նաև որոշակի սոցիալական խնդիրներ լուծեն, հոգան ուսման վարձը։ Պարոն Ավագյանը նաև շնորհակալություն հայտնեց բուհերի ղեկավարներին՝ մարտական գործողություններին մասնակցած և մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձերը զեղչելու համար։ Ոստիկանության կրթահամալիրի ուսանող Դավիթ Խաչատրյանը զինծառայությունն անցել է Արցախում՝ Մատաղիսում, իրականացրել է մարտական հերթապահություն։ Դավիթը Իջևանից է։ Նա իր երախտագիտությունն է հայտնում Երիտասարդական հիմնադրամին և կառավարությանը՝ աջակցության համար, ինչը, ըստ նրա, շատ պարտավորեցնող ու ոգևորող է։ Նա նաև նկատում է, որ զինծառայությունից հետո կրթական գործընթացում վերականգնվելն առանձնապես դժվարություններ չի հարուցել։ Ըստ Դավթի՝ եթե ուսանողն ունենում է նպատակ, բոլոր խոչընդոտները հաղթահարելի են։ Նորիկ Ալոյանը Հրազդանից է, սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսում։ Նա նշեց, որ զինվորները մեծ գործ են կատարում, և այն, որ այսօր իրենք մասնակցում են ուսման վարձի փոխհատուցման արարողությանը, հենց սահմանին կանգնած զինվորի շնորհիվ է։ Նորիկը ծառայությունն անցել է Արցախում, ապրիլյան պատերազմի ընթացքում եղել է Ակնայում (Աղդամ)՝ դիրքերում։ Եվ շատ ուրախ է, որ ապրիլյան պատերազմում իրականացված ծառայությունը գնահատվում է։ Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը իր միջոցների հաշվին 20 տոկոսով փոխհատուցել էր նաև անցած կիսամյակ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր