5771 դիտում
23:43 16-11-2017
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կանադայի Վանկուվերում քաղաքում ավարտվել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։
Համաժողովի հիմնական թեմաները նվիրված էին ՄԱԿ խաղաղարար առաքելությունների արդյունավետության բարձրացմանը։ Բանախոսների կարծիքով՝ ՄԱԿ անդամ պետությունները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ։ Համընդհանուր համոզմունքով՝ Միավորված ազգերի կազմակերպության դրոշի ներքո իրականացվող խաղաղարար առաքելություններն այս պահին եղած լավագույն գործիքներից են՝ աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունները կասեցնելու, զանգվածային բռնություններն ու մարդասիրական աղետները կանխելու համար, ինչը պարտադրում է կենտրոնացնել ջանքերը՝ միասնական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար։
Առանձնահատուկ ընդգծվել է խաղաղարար առաքելություններում կին զինվորականների թվի ավելացման անհրաժեշտությունը։ Առաջարկվում է այն հասցնել 15 տոկոսի։
Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն, ով ներկայացրել է «վանկուվերյան սկզբունքները», որոնք պետք է կանխեն երեխաների ստիպողական մասնակցությունը մարտական գործողություններին։
Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև աշխարհահռչակ դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին, ում ելույթը նվիրված է եղել ողջ աշխարհում սեռական բռնությունների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությանը։
Հայաստանը բացառիկ երկրներից է, որ առավելագույն ջանք է ներդնում խաղաղարար առաքելություններում։ Մեր երկիրը պատրաստ է շարունակել մասնակցությունն այդ ծրագրերին՝ խորապես գիտակցելով դրանց կարևորությունը։
«Լիբանանում «Յունիֆիլ», Մալիում «Մինուսմա», ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղության և կայունության պահպանման առաքելություններին ուժեր տրամադրելուն զուգահեռ, Հայաստանը ստեղծում է ազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն` հետագայում այն որպես միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն հավաստագրելու նպատակով, ինչպես նաև պատրաստում է երկու նոր կարողություններ՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ընդգրկելու համար», համաժողովի ընթացքում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ավելացրել, որ 2015 թվականի սեպտեմբերին Հայաստանի ստանձնած երկու հանձնառությունները՝ երկրորդ մակարդակի դաշտային հոսպիտալը և ինքնաշեն պայթուցիկ միջոցների հայտնաբերման կարողությամբ ինժեներական ստորաբաժանումը, արդեն գրանցվել են ՄԱԿ-ի խաղաղապահության կարողությունների պատրաստության համակարգում և ստացել 1-ին մակարդակի կարգավիճակ:
ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին մասնակցելուց հետո հայկական պատվիրակությունն այցելել է «Հայ» կենտրոն, որտեղ կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Վանկուվերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը։ Կանադահայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքով Վիգեն Սարգսյանը անդրադարձել է հայկական զինված ուժերի արդիականացման աշխատանքներին։ Մասնավորապես՝ ներկայացվել են քայլերը, որոնք կատարվում են բանակի մարտունակության բարձրացման, նոր սպառազինության ձեռքբերման, մարտական հերթապահությունն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Վիգեն Սարգսյանը ներկաներին պատմել է ռազմաբժշկական և ռազմակրթական ուղղություններով սկիզբ առած խորքային բարեփոխումների մասին։ Ելույթի ավարտին պաշտպանության նախարարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։
Ուշ երեկոյան հայկական պատվիրակությունը Վանկուվերից մեկնել է Մոնրեալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
4150 դիտում
11:35 17-11-2017
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Կանադայում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1669 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ