211652_close_icon
views-count14951 դիտում article-date 20:44 29-10-2017

Արցախի Մարտունի քաղաքում կայացավ նռան գեղեցիկ փառատոնը. ՖՈՏՈՇԱՐՔ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Մարտունի քաղաքում կազմակերպվել էր նռան փառատոն: Ցուցահանդես-տոնավաճառի շուրջ 55 տաղավարներում իրենց արտադրանքն էին վաճառքի հանել Մարտունու և հանրապետության մյուս բոլոր շրջանների նռան մշակմամբ զբաղվող այգեգործներ: Բացման հանդիսավոր արարողությունն ազդարարվել է Արցախի թեմի փոխառաջնորդ Հայր Սահակ վարդապետ Շաքարյանի կատարած նռան օրհնեքի արարողությամբ: «Նուռը միասնության խորհրդանիշն է, և նռան հատիկների պես այսօր մենք միասնության խորհրդով հավաքվել ենք՝ սիրով վայելելու բարի պտուղները»,- ասել է Արցախի թեմի փոխառաջնորդը: Փառատոնին ներկա ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, շրջել է տաղավարներով, մասնակիցներից հետաքրքրվել այս տարվա բերքի արդյունքներով: Նախագահը կարևորել է փառատոնի կազմակերպումը՝ տեղական արտադրանքի ներկայացման ու արտադրողների խրախուսման տեսանկյունից և նշել, որ այն պետք է դառնա ավանդական: Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը նշել է, որ վերջին տարիներին Արցախի տարբեր շրջաններում կազմակերպվող փառատոնները ցույց են տվել, որ այն լավ հնարավորություն է ստեղծում, ոչ միայն բացահայտել տվյալ շրջանի ներուժը, այլև նոր կապեր ստեղծել տեղի և հարևան շրջաններից եկած արտադրողների, ինչու չէ, նաև վերամշակող կազմակերպությունների հետ: Շրջվարչակազմի ղեկավարի խոսքով՝ նռան աճեցման և մշակման համար շրջանի հարթավայրային գոտիները շատ հարմար են՝ բնակլիմայական առումով, սակայն հիմնական խնդիրը, որ ունեն տեղի այգեգործները, ոռոգման ջրի պակասն է: «Այն հնարավոր է լուծել արտեզյան ջրհորների կառուցման միջոցով, որը կխթանի շրջանում այգեգործության զարգացումը և, հատկապես, նռան արտադրության ծավալների մեծացումը»,- ասել է Թովմասյանը և նշել, որ մեծ հույսեր ունեն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա դրամահավաքի ծրագրով կլուծվի այդ խնդիրը: Փառատոնին սեփական արտադրությունը վաճառքի հանած Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքից Հրանտ Շաքարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ նռան մշակմամբ զբաղվում է արդեն 7 տարի: «Այժմ բերքը իրացնում ենք միայն տեղական շուկայում: Այսօր փառատոնին նուռը վաճառել ենք շուկայականից համեմատելի ցածր գներով՝ 300-400 դրամով»,- ասել է Հ. Շաքարյանը: Իսկ Ասկերանի շրջանի Վարդաշեն գյուղից Յուրա Մելքումյանը, ով փառատոնին ներկայացել է առանձին տաղավարով, նշել է, որ ունի 10 հա նռան այգի: Նրա խոսքով՝ փառատոնը լավ հնարավորություն է՝ վաճառելու ստացված բերքը և նոր ծանոթություններ ստեղծելու: «Արտադրողը միշտ չէ, որ կարողանում է հարմար գնով վաճառել իր բերքը, քանի որ մեծ ծավալների դեպքում, փնտրում ենք մեծ քանակով գնող գնորդներ: Այսպիսի միջոցառումները հնարավորություն են տալիս նոր գնորդների հետ ծանոթանալու, նրանց հետ պայմանավորվածություններ ձեռքբերելու, որն ավելի շահավետ է»,- ասել է այգեգործը: Օրվա երկրորդ կեսին փառատոնին համերգային ծրագրով հանդես են եկել ՀՀ շոու-բիզնեսի աստղերը: Փառատոնն ավարտվելու է տոնական հրավառությամբ: Նռան փառատոնը կազմակերպվում է Մարտունու քաղաքապետարանի նախաձեռնությամբ և բարերար Գաստելլո Մկրտչյանի ֆինանսավորմամբ, հայտնում է «Արցախպրեսը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր