211652_close_icon
views-count4598 դիտում article-date 20:45 18-10-2017

Վարչապետի մասնակցությամբ Գյումրիում բացվել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, այցելել է Գյումրի և ներկա գտնվել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգված Ռուսթավելի փողոցի բացմանը, որտեղ առկա են պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ, և որոնց մի մասն արդեն իսկ վերականգնվում են՝ մասնավոր նախագծերի շրջանակում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Ռուսթավելի փողոցի՝ մոտ 9000 քմ մակերեսի հիմնանորոգման աշխատանքների արդյունքներին: 2017 թ. մարտի 21-ին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին տրված համապատասխան թուլտվությունից հետո, Ռուսթավելի փողոցի՝ Շիրակացի փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում մեկնարկել են քանդման աշխատանքները: Ամբողջությամբ վերականգնվել են փողոցի կոմունիկացիոն համակարգերը (գազատար, ջրատար խողովակներ, էլեկտրալարեր և այլն): Փողոցը սալապատվել է գրանիտե նոր սալաքարերով, ամբողջությամբ կահավորվել է (լուսավորություն, նստարաններ, ծաղկամաններ): Վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացրել է «Հայնախագիծ» ԲԲ ընկերությունը: Վարչապետ Կարապետյանը կարևորել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը, պետություն-մասնավոր համագործակցությամբ Շիրազի և Ռուսթավելի փողոցների պատմամշակութային արժեքների վերականգնումն ու ենթակառուցվածքների բարելավումը: Ծրագրի շրջանակում Գյումրիի պատմական կենտրոնում կստեղծվեն արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կկոչվեն տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար կստեղծվեն հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր: Նշված փողոցներում բիզնեսի համար առանձնացվել է 7700 քառ. մետր տարածք՝ տարբեր գաղափարներ կյանքի կոչելու նպատակով: Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ հիմնանորոգված փողոցն իրեն շատ է դուր եկել, և հաջորդ փողոցը, որը Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում հիմնանորոգվելու է, լինելու է Շիրազի փողոցը: Նախատեսվում է շինաշխատանքներն սկսել գալիք տարվա մարտից: «Կումայրի պատմական կենտրոնի ծրագիրն անպայման ավարտին ենք հասցնելու: Կարծում եմ, որ Ռուսթավելի փողոցն այսօր համ ու հոտով փողոց է: Մեր հիմնական նպատակն է Գյումրու կոլորիտն ու ինքնատիպությունը չկորցնելը», - ասել է Կարեն Կարապետյանը: Գյումրեցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագիրն իրականացնելու և Գյումրին մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացվել ծրագրի շրջանակում մասնավոր նախաձեռնություններով վերականգնվող տարբեր շենք-շինություններն ու ներդրումային ծրագրերը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տեղեկացրել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավված վարկային միջոցներով առաջիկայում քաղաքում իրականացվելու են ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ ճանապարհաշինական խոշոր ծրագրեր: Այնուհետև Կարեն Կարապետյանն այցելել է Գյումրիի այցելուների տեղեկատվական նորաբաց կենտրոն, ծանոթացել վերջինիս կողմից մատուցվող ծառայություններին: Տեղեկացվել է, որ կենտրոնը յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար լինելու է Հայաստանի, այդ թվում՝ Գյումրիի մասին ցանկացած տեղեկատվություն հաղորդող վայր, որտեղ հյուրերին տրամադրվելու է մեր երկրի տեսարժան և զբոսաշրջային վայրերի մասին ամբողջական տեղեկատվություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր