211652_close_icon
views-count4320 դիտում article-date 13:34 18-10-2017

ՀԲՃ. 21-րդ դարում Հայաստանը դեռ աղբավայրեր է կառուցում, այն էլ վարկերով

Հայաստանում իհարկե գոյություն ունեն մասնավոր ընկերություններ, որոնք զբաղվում են վերամշակմամբ՝ մեկը թղթի, մյուսը պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկ շշերի, որոշները մարտկոցների, մետաղների և այլն (2014թ-ի դրությամբ վերամշակող ընկերությունների ցուցակն հրատարակության վերջում): Ու թեև տեղային լուծումները ավելի լավ են, քան դրանց իսպառ բացակայությունը, այնուամենայնիվ, համակարգային մոտեցումը միակ տարբերակն է ոչ միայն աղբի վերամշակման խնդիրն արագորեն լուծելու, այլ նաև հանրության շրջանում աղբի հանդեպ զգուշավոր վերաբերմունք ձևավորելու, աղբը տեսակավորելու, իրերը վերօգտագործելու նպատակով: Իսկ արագ գործելն անհրաժեշտություն է, քանի որ արագ են նաև հողերի, ջրերի և օդի աղտոտման տեմպերը, ուստի և այս հարցին լուծում տալը բխում է բոլորիս՝ առողջ միջավայրում ապրելու կարիքից: Սակայն Հայաստանում համակարգային, պետական մակարդակով ոչ միայն մինչ օրս չի տրվել լուծում աղբի վերամշակման խնդրին, այլև նորնորանոր վարկեր են տրամադրվում Հայաստանին «ավանդական» աղբավայր կառուցելու համար: 2015թ. հուլիսին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր, որով բանկը տրամադրում է 8 միլիոն եվրոյի վարկ (քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մասնավոր ընկերությանը) Նուբարաշենի կողքին նոր աղբավայր կառուցելու համար: Լրացուցիչ 8 միլիոն եվրո վարկ տրամադրում է նաև Եվրոպական ներդրումային բանկը և ևս 8 միլիոն եվրո էլ տրամադրվում է ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի կողմից գրանտի տեսքով: Նպատակն է` Նուբարաշենի չկարգավորվող աղբատեղին «տեխնիկական և բնապահպանական անթույլատրելի ստանդարտներից վերածել նոր սանիտարական աղբավայրի, որը կհամապատասխանի ԵՄ ստանդարտներին»: Ըստ ծրագրի նկարագրության՝ այս աղբավայրը նաև բնապահպանական օգուտ կտա, քանի որ կկրճատվի 3000 տոնա մեթան գազի արտանետումը, ինչը համարժեք է 60.000 տոնա ածխաթթու գազին: Մեթան գազի առաջացման պատճառը աղբավայրում պարբերաբար բռնկվող հրդեհներն են: Նշենք, որ Նուբարաշենի ներկայիս աղբավայրը գործում է 1960-ականներից և այնտեղ կուտակված է մոտ 6-ից 8 միլիոն տոննա կոշտ թափոն: Տարեկան այս աղբավայր է տեղափոխվում 300-360 000 տոննա ծավալով թափոն: Նոր սանիտարական աղբավայրը նախատեսվում է կառուցել գործող աղբավայրի անմիջական հարևանությամբ՝ մոտ 29հա տարածքում: Այն նախատեսված է լինելու 28 տարվա համար և 40 մ բարձրությամբ առավելագույն լցման հասնելուց հետո ժամանակավոր մակերեսային մեկուսացում է նախատեսվում՝ 30 տարի հետսպասարկման փուլով (թափոնների կուտակման ավարտից հետո այս փուլում կարգավորվելու են աղբավայրից դուրս եկող արտահոսքերը՝ հող և ջուր հնարավոր ներթափանցումները կանխարգելելու համար): Նոր աղբավայրի տարբերությունը հնից կայանում է նրանում, որ մեկուսացվելու է հիմքը, որպեսզի աղբի և հողի միջև չլինի շփում, բացի այդ պետք է լինեն սպասարկման կենտրոններ՝ աղբահավաք մեքենաների անիվների լվացման նպատակով, աղբավայրը պիտի լինի ցանկապատ և լուսավորված և այլն: Աղբավայրից արտահոսքերը հավաքվելու են դրա համար նախատեսված ռեզերվուարում: Իսկ թափոններից առաջացող գազերը հավաքվելու են գազահորերում և այրվելու են: Չնայած որ նշված առավելությունները կարևոր են, սակայն աղբահանության խնդիրը, ըստ էության, լուծում չի ստանում այս ծրագրով, քանի որ հիմնական բնապահպանական խնդիրները մնում են չլուծված. դրանք են՝ աղբի վերամշակման խնդիրը, այրվող գազը որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր չկիրառելը, վտանգավոր թափոնների խնդիրը, քանի որ այս աղբավայրը նախատեսված է լինելու քաղաքային և նմանատիպ այլ ոչ վտանգավոր թափոնների համար: Ծրագրում այդպես էլ նշված է, որ «աղբի վերամշակման ԵՄ պահանջը չի կարող կիրառվել այս մակարդակի ծրագրի համար, ուստի և սույն ծրագրի ազդեցությունից դուրս է համարվել»: Եվ դա այն դեպքում, երբ Նուբարաշենի կենցաղային աղբի 25%-ը բաղկացած է թափոններից, որոնք չեն կենսաքայքայվում, իսկ պլաստիկ թափոնների թիվը 1989թ.-ից ավելացել է 10 անգամ (աղբյուր): Ինչ վերաբերում է այրվող գազերից էներգիայի արտադրման հնարավորությանը՝ ապա այս տարբերակը ևս մերժվել է՝ այս տարբերակի շահագործման և տեխնիկական սպասարկման բարձր ինքնարժեքի, թափոնների այրման դեպքում այրման արգասիքները հեռացնելու համար լրացուցիչ տարածք հատկացնելու պատճառով: Այսինքն, թափոնները վերամշակելու համար, միգուցե նաև էներգիա ստանալու համապատասխան համակարգեր տեղադրելու համար՝ հետագայում լրացուցիչ գումարներ կպահանջվեն, ամենայն հավանականությամբ վարկերի տեսքով: Մինչդեռ դեռևս 2002 թ.-ից սկսած քաղաքապետարանի և ճապոնական «Շիմիձու» ընկերության միջև բանակցություններ էին ընթանում աղբավայրի 52.3 հա տարածքում իրականացնել կենսագազի օգտահանման և էլեկտրական էներգիայի արտադրման ծրագիր, որի շրջանակներում պետք է տեղադրվեր 1.4ՄՎտ հզորությամբ գազամխոցային շարժիչով էլեկտրաէներգիայի գեներատոր, որը կաշխատեր աղբավայրից ստացվող մեթան գազով: Այդ ծրագրով ոչ միայն բնապահպանական լուծում կտրվեր գազի արտանետումներին, քանի որ դրանց ծավալը կկրճատվեր 21 անգամ, այլև Հայաստանը կունենար սեփական վերականգվող հումքից էլեկտրաէներգիա, չհաշված տարեկան 550 հազար ԱՄՆ դոլար եկամուտը և տեղադրված համակարգը կառուցումից հետո անհատույց Երևանի քաղաքապետարանին փոխանցելը: Ճապոնական կողմն էլ այդ կերպ Կիոտոյի արձանագրությամբ ստանձնած իր պարտավորությունները կիրականացներ՝ ուղղված մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար: Սակայն հետագայում էկոնոմիկայի նախարարությունը վերապահումներ արեց ծրագրի իրականացման շուրջ՝ պատճառաբանելով, թե իբր ճապոնական ընկերությունը մենաշնորհային դիրք կունենա Նուբարաշենի աղբավայրում, որը կսահմանափակի աղբահանության բնագավառում այլ օպերատորների ներգրավման հնարավորությունը: Ընդ որում այս որոշման մեջ դեր է խաղացել նաև Համաշխարհային բանկը, ով գնահատել էր նման ծրագիրը որպես «ֆինանսական ռիսկերի բարձր աստիճան» պարունակող, և դա այն դեպքում երբ ճապոնական կողմն ինքն էր փակում ողջ ծախսերը (աղբյուր): Արդեն 2009թ.-ին կնքված համաձայնագրի շրջանակներում ճապոնական ընկերությանը հատկացված մի փոքր հատվածում (7.5հա) ընկերությունը տեղադրել է աղբավայրում առաջացող կենսագազի հավաքման կայան, ուր սակայն գազը պարզապես հավաքվում ու այրվում է և դրանից չի արտադրվում էներգիա: Չնայած դրան՝ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2009-ից մինչ օրս Նուբարաշենում բիոգազի այրման միջոցով ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են ավելի քան 100.000 տոննայով: Ճապոնական ծրագրի լիարժեք իրականացման դեպքում այս թիվը կեռապատկվեր: Նշենք, որ ճապոնական ընկերությունը նախնական ծրագրով ներդնելու էր 8մլն ԱՄՆ դոլար, իսկ արդեն ծրագրի իրականացման ողջ ժամանակահատվածի՝ 16 տարիների ընթացքում հայկական կողմի հասույթը կազմելու էր 8մլն 800 հազար ԱՄՆ դոլար: Այսինքն, Նուբարաշենի աղբավայրի կենսագազի այրումից ստացած եկամուտները կայանի՝ 2002թ-ից ի վեր գործարկելու դեպքում արդեն 2018թ.-ին հայկական կողմն ինքնուրույն կարող էր սկսել 8մլն ԱՄՆ դոլար ներդնել նոր աղբավայր կառուցելու ծրագրում, կամ էլ աշխատեր վերամշակման կայանների ստեղծման ուղղությամբ: Ավելին, 2014թ.-ին ՎԶԵԲ-ի տրամադրած 3.5 մլն եվրո վարկի փոխարեն, որով 8 նմանատիպ աղբավայր պետք է կառուցվի Կոտայք և Գեղարքունիք մարզերում, Հայաստանը կարող էր ինքնուրույն փակել ծախսերը: Սակայն հայկական կողմը ոչ միայն առ այսօր հրաժարվում է ծրագրերից, որոնք լուծումներ կարող են տալ բնապահպանական խնդիրներին, այլև հրաժարվում է թեթևացնել Հայաստանի առանց այն էլ ծանր վարկային բեռը: Հիշեցնենք, որ 2016թ.-ի դրությամբ ՀՀ պարտքը կազմում է 5.9 մլրդ ԱՄՆ դոլար, այսինքն ՀՆԱ-ի 55%-ը: Հետաքրքրական է, որ 2013թ.-ին Հանրապետական կուսակցության Երևանի ավագանու նախընտրական ծրագրում առկա է եղել աղբահանության խնդրին լուծումներ տալու դրույթը, որով նախատեսված էր 5 տարվա մեջ աղբի տեսակավորման և վերամշակման ձեռնարկություններ հիմնել: Չնայած նախընտրական ծրագիրը չի իրականացվել՝ միանշանակ կարելի է եզրակացնել, որ իշխող խումբը շատ լավ գիտակցում է խնդրին լուծում տալու կարևորությունը, սակայն նրանց անգործությունն ու կամքի բացակայությունը թույլ են տալիս արձանագրել ներկայիս կառավարության պատճառով գլոբալ կլիմայական փոփոխություններում Հայաստանի բացասական ներդրումը, ինչպես նաև կառավարության կողմից մարդու՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքի խախտումը: Դե իսկ միջազգային ֆինանսական կազմակերպությունները Հայաստանի առջև խիստ պահաջներ չդնելու և ոչ կայուն ծրագրեր ֆինանսավորելու արդյունքում դառնում են ներկայիս կառավարության գործած իրավախախտումների մեղսակից: [b]Համահայկական բնապահպանական ճակատ [/b]

Նմանատիպ նյութեր