211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ «ՎԻԳԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող շինության տանիքի համար բերված բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը

views-count16388 դիտում article-date 23:44 10-07-2025
Երեկ՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան  տեղափոխվել է «պոլիտրավմա» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար Կապանի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Սյունիքի մարզի բնակիչ 7-ամյա Մարկ Ղ․-ն է։

Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կապանի բաժին և հայտնում են, որ բժշկական կենտրոնում արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը։ 

Ոստիկանները պարզել են, որ ժամը 18։00-ի սահմաններում Մարկ Ղ․-ն մեջքով հենվել է «ՎԻԳԱՐՏ» ՍՊԸ-ի տնօրեն 51-ամյա Վիգեն Հ․-ի կողմից «Ձորք» թաղամասի թիվ 16, 17 և 18 շենքերի բակում կառուցվող շինություններից մեկի տանիքի բարեկարգման աշխատանքներ կատարելու նպատակով բերված և իրար վրա դասավորված բազալտե եզրաքարերին, ինչի արդյունքում էլ եզրաքարը ընկել է երեխայի վրա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով երեխան սովորում էր Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի 3-րդ դասարանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր