211652_close_icon
views-count2564 դիտում article-date 21:27 12-10-2017

Երևանի քաղաքապետը հանդիպել է Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքի պատվիրակության հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի տեղակալ Կորին Մար Դյուգեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Առանձնակի կարևորելով Երևանի 12 վարչական շրջանների համագործակցությունը տարբեր պետությունների քաղաքների հետ՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ այս այցը ևս մեկ հրաշալի առիթ է փոխադարձ գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելու համար: «Երևանի քաղաքապետարանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության ծրագրերը քույր և գործընկեր քաղաքների հետ, որոնց շրջանակում իրականացվում են ոչ միայն փոխշահավետ ծրագրեր, այլև էլ ավելի են ամրապնդվում կապերը այդ քաղաքներում ու մայրաքաղաքներում գործունեություն ծավալող հայ համայնքների հետ: Իմ կողմից մշտապես կարևորվել է նաև Երևանի 12 վարչական շրջանների համագործակցությունը տարբեր պետությունների քաղաքների հետ և ողջունելի է, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ու Ֆրանսիայի Պլեսի Ռոբինսոն քաղաքի միջև ևս հաստատված են սերտ բարեկամական կապեր ու գործընկերային հարաբերություններ: Համոզված եմ, որ այս օրերին Դուք հերթական անգամ հնարավորություն կունենաք վայելելու Երևանի ջերմությունն ու տոնական տրամադրությունը»,- ընդգծել է քաղաքապետը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հրավերի համար՝ Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի տեղակալ Կորին Մար Դյուգեն իր հերթին առանձնակի կարևորել է գործընկերային կապերն առավել ամրապնդելու Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը, նկատելով, որ այն ամենակարևոր նախապայմաններից մեկն է Արաբկիր վարչական շրջանի և Պլեսի Ռոբինսոնի միջև հաստատված փոխգործակցությունը գործնական փուլ տեղափոխելու համար: «Սա, պարոն քաղաքապետ, իմ արդեն 16-րդ այցն է Երևան, և պետք է վստահեցնեմ Ձեզ, որ ինձ համար Երևանում գտնվելն իսկապես հաճելի է: Հերթական անգամ ուզում եմ արձանագրել, որ Երևան կատարած ամեն այցիս ժամանակ անմիջապես նկատում եմ քաղաքի զարգացումը, ինչը իսկապես բավականին տպավորիչ է: Եվ թեկուզ հենց այս տեսանկյունից մեզ համար իսկապես կարևոր է որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերություններն ընդլայնել Երևանի հետ ու երկուստեք հաջողված փորձի փոխանակումներ ունենալ», - նշել է Կորին Մար Դյուգեն: Հանդիպման ժամանակ, օգտվելով առիթից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պլեսի Ռոբինսոնի պատվիրակության անդամներին հրավիրել է հաջորդ տարի կրկին այցելել Երևան ու մասնակիցը դառնալ 2800-ամյա Երևանի հոբելյանական տարեդարձի տոնական միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր