211652_close_icon
views-count730 դիտում article-date 16:00 04-05-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայի Պլեսի Ռոպինսոն քաղաքում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Արաբկիր վարչական շրջանի պատվիրակությունը, վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ, մեկնել է Ֆրանսիայի Պլեսի Ռոպինսոն քաղաք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Պլեսի Ռոպինսոնը Երևանի Արաբկիր վարչական շրջանի գործընկեր քաղաքներից է։ Պատվիրակության անդամները Պլեսի Ռոպինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկի ուղեկցությամբ այցելել են Պլեսի Ռոպինսոնի քաղաքապետարանի հարակից պուրակ, ծաղիկներ խոնարհել Անդրանիկ Օզանյանի հուշարձանին, ինչպես նաև երկու քաղաքների միջև բարեկամության խորհրդանիշ խաչքարին, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին։ Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել նաև Անդրանիկ Օզանյանի ընտանիքի անդամներ, քաղաքի հայկական համայնքի այլ ներկայացուցիչներ։ Հրայր Անտոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունել է ներկաներին և հայտնել խորին երախտագիտությունը՝ ապրիլի 24-ին հայ ժողովրդի կողքին լինելու համար։ Այնուհետ Արաբկիրի պատվիրակությունը և Պլեսի Ռոպինսոնի քաղաքապետը մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսի բացման արարողությանը։ Ցուցահանդեսում ներկայացվել են Ցեղասպանության վավերագրական լուսանկարներ, կոտորածների ու տեղահանության ճանապարհների փաստագրական քարտեզներ, այդ տարիների եվրոպական հանրահայտ պարբերականների անդրադարձը ողբերգական իրադարձություններին։ Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության կազմում Պլեսի Ռոպինսոն էր մեկնել նաև վարչական շրջանի պատանի ֆուտբոլիստների թիմը, որը մասնակցել է տեղի, ինչպես նաև Անգլիայից ժամանած թիմերի հետ ընկերական խաղերին։

Նմանատիպ նյութեր