Ասում են, որ խփել ու տենց բաներ չի եղել. Գալուստ Սահակյանը Գեղամյան-Փաշինյան ծեծկռտուքի մասին
«Ես չեմ գտնում, որ դա կարելի է շատ բարձրացնել ու ասել, թե պատգամավորը պատգամավորին ծեծել է: Դրա համար մեկ-մեկ երեկոները տարբեր կանալներով տեսեք, թե աշխարհի տարբեր պառլամենտներում ինչ է կատարվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Փաշինյան-Գեղամյան ծեծկռտուքին:
«Մի քանի անգամ լսել եմ, որ Փաշինյանը անընդհատ Գեղամյանին փորձում է ձեռ առնելու միջոցով ինչ-որ հարվածներ հասցնել, Գեղամյանն էլ ասում է՝ իմ անվան հետ դու գործ չունես: Այսօր արդեն հարցը փարթամացրել են»,- շեշտեց Գալուստ Սահակյանը:
Միևնույն ժամանակ Սահակյանը նկատեց, թե ինքը միջադեպի մանրամասներից տեղյակ չէ. «Գեղամյանն ասում է, որ չի խփել և ինչ-որ մարդկանց անուններ են տալիս, իրենցից էլ հետաքրքրվեցի՝ ասում են, որ խփել ու տենց բաներ չի եղել»: