211652_close_icon
views-count4589 դիտում article-date 16:54 14-03-2016

Սուտ ես ասում, սուտը դու ես ասում, ստից-մտից բաներ ես ասում. Բագրատյան-Նազարյան լեզվակռվից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այդ զեկույցի քննարկման ժամանակ մթնոլորտը թեժ էր պատգամավորների հարցադրումների առումով, սակայն այն իր կիզակետին հասավ Բագրատյան-Նազարյան կռվի ժամանակ: Երբ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց, թե կան պետություններ, որտեղ էլեկտրաէներգիայի սակագինն ավելի բարձր է, քան՝ Հայաստանում, Հրանտ Բագրատյանը միջամտեց՝ տեղից գոռաց, որ Նազարյանը սուտ է խոսում ու ավելացրեց, որ Բելառուսի օրինակն էլ կա, որտեղ գինը շատ ավելի էժան է: Ռոբերտ Նազարյանի ելույթը կիսատ մնաց, քանի որ սահմանված ժամանակահատվածը վերջացավ և նիստը վարող Հերմինե Նաղդալյանը անջատեց Նազարյանի խոսափողը, ինչին անգամ չօգնեց այն, որ Բագրատյանը գոռում էր ` «մարդը սուտ ա ասում»: «Սուտը դու ես ասում»,- ամբիոնի մոտից հակադարձեց Նազարյանը ու Բագրատյանին մեղադրեց, որ հիմա, իր վարչապետության շրջանից տարիներ անց լրիվ հակառակն է ասում: Իսկ ԱԺ դահլիճում մթնոլորտի թեժացմանը նպաստեց նաև Նիկոլ Փաշինյանի ելույթը, ով արձանագրելով, որ վերջին 3 տարիներին Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է շուրջ 70 տոկոսով, նկատեց, որ այսօր Հայաստանի բնակչությունը տարածաշրջանում ամենաթանկ սակագնով էլեկտրաէներգիան է սպառում: Նա հիշեցրեց, որ տարիներ շարունակ հոսանքի գինը թանկացվել է էներգետիկ համակարգում ճեղքվածքի առկայության պատճառով, սակայն ամեն թանկացումից հետո ճեղքվածքը ոչ թե փոքրացել էր, այլ մեծացել էր, և պետք էր նորից թանկացնել սակագինը: Բայց հիմա՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից յոթ ամիս անց, պարզվում է բոլորովին մի ուրիշ իրողություն: Պարզվում է, որ այնքան էլ այնպես չէ, որ ՀԷՑ-ը չէր կարողանում վճարել էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին»,- ասաց Փաշինյանը: «Եվ ահա, ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ-ին պատկանող ՀԷՑ-ը՝ ի դեմս դրա տխրահռչակ ղեկավար Բիբինի, փողերը հավաքել է և ալարել է մեր սեփականությունը հանդիսացող ընկերություններին վճարի: Ու դրանից հետո Բիբին կոչված երևույթը եկել է, մեր դուռը կտրել է ու շանտաժ է արել, ասել է՝ եթե դուք էլեկտրաէներգիայի սակագինը երրորդ տարին անընդմեջ չբարձրացնեք, ձեր էներգետիկ համակարգը կրախի կենթարկվի, որովհետև ես ձեր ատոմակայանին ու ՋԷԿ-ին փողը չեմ տալիս, տալիս եմ մերոնց: Ու սրանից հետո էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ասում է՝ Բիբին ջան, կլինի՞ 17 դրամով չթանկացնես, 6.9 դրամով թանկացնես: Մի հատ էլ վիզները ծռում են»,-հարցրեց պատգամավորը: Ըստ նրա, եթե Հայաստանի էներգետիկ համակարգը կործանելուն վերջ չտան, վաղ թե ուշ հայ ժողովուրդը ստիպված է լինելու ՀՀ էներգետիկ համակարգի օտարերկրյա տիրապետության տակ գտնվող հզորությունները ազգայնացնել:

Նմանատիպ նյութեր