Լևոն Արոնյանը նվաճեց աշխարհի գավաթը
Թբիլիսիում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի մրցաշարը:
Մրցաշարի եզրափակիչի թայ-բրեյք փուլում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը երկու անգամ հաղթեց չինացի Դին Լիժենին և հռչակվեց Աշխարհի գավաթակիր: Փայլուն նվաճում:
Նշենք, որ Լևոն Արոնյանը երկրորդ անգամ է նվաճում Աշխարհի Գավաթը: Առաջին տիտղոսը նա նվաճել էր հեռավոր 2005 թվականին՝ Խանտի-Մանսիյսկում:
Բացի Աշխարհի Գավաթի հաղթողի տիտղոսից, Լևոն Արոնյանը կստանա 96 հազար դոլար պարգևավճար, ինչպես նաև աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր: