211652_close_icon
views-count2283 դիտում article-date 18:59 20-09-2017

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի աշխատանքներն ամփոփվել են Հայաստանի պատիվը աշխարհի տարբեր անկյուններում բարձր պահած աշխարհահռչակ հայերի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրությամբ

Սեպտեմբերի 20-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի փակման լիագումար նիստը, որի ընթացքում ամփոփիչ ելույթով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովի մասնակիցներին ողջունել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նշելով, որ ՀՀ սահմանների անվտանգությունը և խաղաղությունը անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Արցախը համահայկական երազանքի մարմնավորումն է: Արա Բաբլոյանն անդրադարձել է «Ազգ-բանակ» գաղափարախոսությանն ու հայկական զինուժի մարտական բարձր պատրաստականությանը, վստահեցնելով, որ ՀՀ զինված ուժերն օր օրի զարգանում և հզորանում են նաև սփյուռքի աջակցության շնորհիվ, քանի որ նույնիսկ ամենահեռու վայրում ապրող հայը չի կարող անտարբեր լինել հայոց բանակի նկատմամբ և հենց սա է «Ազգ-բանակ» գաղափարախոսության ակնառու դրսևորումներից մեկը: Նիստի ընթացքում «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմատիկ ուղղության շրջանակում անցկացված քննարկումների արդյունքներն է ամփոփել ՀՀ պաշտպանության նախարարի ավագ խորհրդական Բաբկեն Վարդանյանը: Ինչպես մյուս, այնպես էլ պաշտպանական ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների նախանշման խորապատկերում կարևորելով նմանօրինակ համաժողովների անցկացումը՝ պաշտպանության նախարարի ավագ խորհրդականը փաստել է, որ Հայաստանում և արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայ զինվորական է և պետք է միշտ պատրաստ լինի պաշտպանելու իր հայրենիքը, քանի որ, անկախ սեռից, տարիքից ու մասնագիտությունից, դա յուրաքանչյուր հայի սրբազան պարտականությունն է և միայն համազգային ջանքերով կարող ենք թույլ չտալ, որ հակառակորդը երբևէ կյանքի կոչի իր նենգ նպատակները: Լիագումար նիստն ամփոփվել է հայ ժողովրդի հերոսական պատմության, տարբեր ոլորտներում ակռանու հաջողությունների հասած, Հայաստանի պատիվը աշխարհի տարբեր անկյուններում բարձր պահած աշխարհահռչակ հայերի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրությամբ և համաժողովի մասին հայտարարության ընթերցմամբ:

Նմանատիպ նյութեր