Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 45-ամյա տղամարդը եղբոր գերեզմանի քարը դնելուց հետո տան ննջասենյակում հրացանով կրակել է իր որովայնին
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկացրել են, որ «որովայնի կողմնային պատի հրազենային վնասվածք՝ ձախից, չթափանցող որովայնի խոռոչ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հրազենային վիրավորում ստացած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գագիկ Վարդանյանն է, ով նույն օրը, ժամը 16։20-ի սահմաններում իր տան ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով որսորդական հրացանից կրակել է իր որովայնին։
Փաստի առթիվ Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Վոլոդյա Բաբայանի կողմից հետաքննություն է սկսվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքից առաջ Գ. Վարդանյանը իրենց գյուղի գերեզմանոցում տեղադրելիս է եղել եղբոր քարը, որից հետո վերադարձել են տուն, հաց են կերել, իսկ հետո նա մտել է ննջասենյակ և իր անունով գրանցված «ՄՌ-153» տիպի հրացանով ինքնասպանության փորձ է կատարել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա նաև տարիներ առաջ ՀՀ քր.օր-ի 109 հոդվածի 1-ին մասի (անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով դատապարտված է եղել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: