211652_close_icon
views-count113620 դիտում article-date 09:44 18-09-2017

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Hyundai-ն ու Volkswagen-ը, Hyundai-ը, որը սպասարկում է Երևանի փոխքաղաքապետին, մխրճվել է արգելապատնեշների մեջ, կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Hyundai Sonata մակնիշի 004 ԼՍ 01 համարանիշի և Volkswagen մակնիշի 775 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Մասիսի Ճանշինի աշխատակիցները, ովքեր այդ պահին ճանապարհին մաքրման աշխատանքներ կատարելիս են եղել, և օպերատիվ է գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները, ովքեր նախ տեղում են օգնություն ցուցաբերել վիրավորներին, իսկ հետո տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Մխիթարյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ ավագ տեսուչ Դավիթ Արշակյանն ու Հայկ Մեցոյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկանգնեն և խցանում չառաջացնեն վթարի վայրում։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Էդիկ Շահսուվարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hyundai-ը բախումից հետո բախվել է ճանապարհի մեջտեղում կառուցված բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին՝ մասամբ մխրճվելով երկաթների մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին, սակայն փոխքաղաքապետը ավտոմեքենայում չի եղել։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր