2581 դիտում
11:13 14-09-2017
Մեզ հաջողվեց ամուր հիմքերի վրա դնել ժողովրդավարական կառավարման սկզբունքները. ՀՀ նախագահի ուղերձը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ուղերձ է հղել Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի առթիվ։ Ուղերձում ասվում է.
«Բորիս Մինցի ինստիտուտի խորհրդի հարգելի՛ անդամներ,
Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի հարգելի՛ անդամներ,
Սիրելի՛ դասախոսներ և ուսանողներ,
Ողջունում եմ «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով Բորիս Մինցի ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած հայաստանյան նստաշրջանի անցկացումը:
Կարևոր և արդիական եմ համարում այս միջոցառումը Հայ-ռուսական համալսարանում, որն այս տարի տոնում է հիմնադրման 20-ամյակը և տարիների ձեռքբերումներով հաստատուն տեղ է գրավել մեր երկրի գիտակրթական կյանքում:
Անկախության տարիների փորձով Հայաստանը, անկասկած, հետաքրքրություն է ներկայացնում քաղաքագիտության և տնտեսագիտության ժամանակակից տեսաբանների համար: Հայաստանն առաջինն էր հետխորհրդային երկրներից, որ իրականացրեց գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականաշնորհումը, էներգետիկ համակարգի վերափոխումը և արդիականացումը, ենթակառուցվածքների համապատասխանեցումը շուկայական տնտեսության կանոններին: Բարդ աշխարհաքաղաքական, արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում մեզ հաջողվեց ամուր հիմքերի վրա դնել ժողովրդավարական կառավարման սկզբունքները, ստեղծել քաղաքացիական հասարակության և ազատական տնտեսության հիմքերը:
Նշված բոլոր բնագավառներում մենք հարուստ փորձ ենք կուտակել և պատրաստ ենք փոխանցելու մեր ձեռքբերումներն ու դասերը: Սահմանադրության առումով այժմ մենք գտնվում ենք նոր որակի անցումային շրջանում՝ մուտք ենք գործում առավել առաջադիմական խորհրդարանական կառավարման համակարգ, ինչը, վստահ եմ, կապահովի Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական անշրջելի զարգացումը:
Երկրի տնտեսությունը նույնպես կանգնած է նոր մարտահրավերների առջև: Այժմ միջազգային գործարար լայն շրջանակներին մեր տնտեսության զարգացման ծրագրերի մեջ ընդգրկելու նոր փուլի շեմին ենք: Հիմնվելով առաջադեմ օրենսդրության և միջազգային ամենաարդյունավետ փորձի վրա՝ լիահույս ենք, որ կկարողանանք ստեղծել օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ գործիքակազմ, վստահելի տնտեսական համակարգ և արտահանման հնարավորություններ:
Անցումային փուլի հաղթահարմանն առնչվող այս հարցերի և Հայաստանի դասերի ու հնարավորությունների քննարկմամբ, հուսով եմ, դուք ապագայում հանդես կգաք նոր և շահավետ լուծումներով ու մոտեցումներով, որոնք շահեկան կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ նույն խնդիրներին բախվող այլ երկրների համար»։
Նմանատիպ նյութեր
1053 դիտում
15:34 12-09-2014
Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
715 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
727 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին
655 դիտում
19:14 22-11-2024
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով