211652_close_icon

Համայնքային մանկապարտեզների շուրջ 4700 աշխատակից ևս կընդգրկվի առողջապահական ապահովագրության փաթեթում

views-count3678 դիտում article-date 22:45 04-09-2017
Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցներին առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու գործընթացն արդեն սկսվել է և այդ նպատակով հայտարարվել է համապատասխան մրցույթ: Ըստ այդմ, 2018 թվականի հունվարի 1-ից մանկապարտեզների շուրջ 4700 աշխատակից հնարավորություն կունենա օգտվելու առողջապահական ապահովագրության փաթեթներով նախատեսված ծառայություններից: Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի հանրակրթության վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության ներքո: «Մեր նախընտրական ծրագրով նախատեսել էինք, որ մանկապարտեզների աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցը ևս լուծենք ու, ըստ այդմ, արվել է հնարավորը, որպեսզի 2018 թվականի հունվարի 1-ից ի թիվս մեր բոլոր համայնքային ծառայողների ու քաղաքապետարանի ենթակայության մի շարք կազմակերպությունների աշխատակիցների` համայնքային մանկապարտեզների աշխատակիցները նույնպես ստանան առողջապահական ապահովագրության փաթեթներ: Պարոն Նիկոյան, ուսումնասիրեք նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մյուս կրթամշակութային և մարզական կրթօջախները, որոնց աշխատակիցները դեռևս ներառված չեն առողջապահական ապահովագրության համակարգում, որպեսզի հաջորդ տարվա ծրագրում նրանց ևս ընդգրկենք հնարավորության դեպքում: Խոսքը, մասնավորապես երաժշտական, արվեստի և սպորտի դպրոցների մասին է», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր