Ալավերդիում հուշ-ցերեկույթ է կազմակերպվել՝ մահապարտ-ազատամարտիկներ Սեյրան Մարգարյանի և Լադիկ Հակոբյանի մահվան 25-րդ տարելիցի կապակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ալավերդցի մահապարտ-ազատամարտիկներ Սեյրան Մարգարյանի և Լադիկ Հակոբյանի մահվան օրն էր, ովքեր 25 տարի առաջ նահատակվեցին Վաղուհասի պաշտպանության մարտերում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ալավերդու համայնքապետարանի նախաձեռնությամբ ազատամարտիկների մահվան 25-րդ տարելիցի օրը համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Վարոսյանը, համայնքապետարանի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, ազատամարտիկներ ու զոհվածների ընտանիքների անդամները ծաղիկներ խոնարհեցին ընկածների շիրիմներին:
Այնուհետև մշակույթի կենտրոնում կազմակերպված հուշ-ցերեկույթի ընթացքում հիշատակի խոսք ասացին և արցախյան ազատամարտում ալավերդցիների մասնակցությունը կարևորեցին Ալավերդու հոգևոր առաջնորդ տեր Միքայել քահանա Շաղոյանը, համայնքապետարանի գլխավոր մասնագետ Սուսաննա Շավինյանը:
Ս. Մարգարյանի և Լ. Հակոբյանի սխրանքի մասին պատմեցին նրանց մարտական ընկերները:
Հուշ-ցերեկույթին ներկա էին նաև նրանց զավակները, թոռները: Վերջիններս՝ Սեյրան Մարգարյանն ու Բախշի Հակոբյանը, իրենց պապերի արժանի հետնորդն են՝ ապրիլյան պատերազմի մասնակիցներ:
Հուշ-ցերեկույթի գեղարվեստական մասում ելույթ ունեցան Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթի մենակատարները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի