211652_close_icon
views-count2314 դիտում article-date 16:18 30-08-2017

Էկոդեսանտները հետևում են Գյումրու մաքրությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էկոդեսանտները շրջում են Գյումրիում և հետևում քաղաքի մաքրությանը։ «Կանայք այսօր» հանուն առաջընթացի» հասարակական կազմակերպության «Էկոլոգիական դեսանտ» խորագրով ծրագրի շրջանակներում կամավորները շրջայցերի միջոցով հետևում են, որպեսզի քաղաքային աղբավայրերում իրականացվի պատշաճ աղբահանություն, բացահայտում են անբարեխիղճ բնակիչներին, ովքեր աղբը թափում են չնախատեսված վայրերում: Էկոդեսանտները հեռախոսներով ֆիքսում են քաղաքացիների, ովքեր աղբը թափում են աղբամանից դուրս, չնախատեսված վայրերում, աղբապատ վայրերը և նկարները տեղադրում սոցցանցերում։ Շրջայցերի ընթացքում քաղաքացիներին բաժանվում են նաև աղբը չնախատեսված վայրերում թափելու համար օրենքով սահմանված տուգանքների մասին իրազեկող ֆլայերներ։ Միաժամանակ կատարվում են բացատրական աշխատանքներ։ Ծրագրի շրջանակներում հասարակական կազմակերպությունը պատրաստել է նաև սոցիալական տեսահոլովակ, որը ներկայացնում է շրջակա միջավայրը մաքուր պահելու անհրաժեշտությունը։ Այն հեռարձակվում է տեղական հեռուստաընկերության կողմից, ինչպես նաև տարածվում է սոցիալական ցանցերում։ Ծրագրի ավարտական փուլում՝ սեպտեմբերին, Գյումրիում կանցկացվի ֆլեշմոբ՝ ևս մեկ անգամ կոչ անելու քաղաքացիներին, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է մաքուր պահել տարածքը՝ բակը, փողոցը, քաղաքը, չաղտոտել շրջակա միջավայրը, որովհետև առաջին հերթին դա վնասում է յուրաքանչյուրի առողջությանը: Ծրագրի ղեկավար Էլեոնորա Ավետիսյանը նշում է, որ երիտասարդների շրջայցերը վարակիչ են դարձել. դրանց միացել են նաև շատ գյումրեցիներ։ Նա նկատում է, որ համաքաղաքացիների հետ տարվող աշխատանքների ընթացքում պարզվել է, որ նրանց մոտ 90 տոկոսը տեղյակ չէ, որ աղբը չնախատեսված վայրում թափելու համար տուգանքներ են նախատեսված։ Ծրագիրն իրազեկման տեսակետից բավականին արդյունավետ է, քաղաքացիները նշում էին, որ տուգանքները կիրառվելու դեպքում մարդիկ ավելի զգոն և ուշադիր կլինեն։ Բացի այդ, ծրագրի շրջանակներում վերահսկվում են նաև աղբահանությունը կազմակերպողները՝ ժամանակին աղբը հավաքելու առումով։ Նշված ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ «Էկոլոգիական դեսանտ» ծրագրի շրջանակներում նկարահանված տեսահոլովակը կարող եք դիտել հետևյալ հղմամբ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր