Կառավարության դերը արտահանման աճի գործում զրոյական է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը շեփորահարում է վիճակագրական տվյալներն այն մասին, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանումն աճել է: Ու, բնականաբար, դա վերագրում է իր գործունեությունը: Այսինքն, կառավարությունը լավ է աշխատել, ինչն էլ բերել է արտահանման ծավալների աճի:
Հասկանալու համար, թե որքանով է դա մոտ իրականությանը, ուսումնասիրենք արտահանման կառուցվածքը: Արտահանման ծավալներն իրոք աճել են, և դա ուրախալի փաստ է՝ անկախ ամեն ինչից: Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 994 միլիոն դոլարի ապրանք՝ անցած տարվա 821.6 միլիոնի դիմաց: Աճը կազմել է ավելի քան 172 միլիոն դոլար կամ 21 տոկոս: Տպավորիչ աճ է, ինչ խոսք: Հիմա ուսումնասիրենք, թե որքանով է դա կառավարության «շնորհքը»:
ՀՀ պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվող ապրանքների ամենահզոր աճը ապահովել է հանքարդյունաբերությունը: Գունավոր մետաղների հանքաքարերի արտահանումը աճել է 95 միլիոն դոլարով՝ հասնելով 260 միլիոն դոլարի: Պարզապես համաշխարհային տնտեսությունը փոքր-ինչ կայունանալու միտումներ է ցույց տալիս, գունավոր մետաղների գները փոքր-ինչ աճել են, մեր հանքարդյունահանողներն էլ, օգտվելով առիթից, ավելի շատ են «քերել» ընդերքը: Կառավարության դերը այս աճի գործում զրոյական է:
24 միլիոն դոլարով աճել է սպիրտային խմիչքների, ավելի կոնկրետ՝ կոնյակի արտահանումը: Այստեղ գործ ունենք ընդամենը կորցրած դիրքերը վերականգնելու և նոր շուկաներ գտնելու հետ: Դա հաստատ չի արել կառավարությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]